Վարչապետի անսպասելի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրել են ռուսական պետական հեռուստաընկերություններով հակահայկական քարոզչության, կառավարության հանդեպ վերաբերմունքի մասին, մասնավորապես՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Լրագրողների հարցին, թե ինքն ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են, բայց փաստորեն ռուսական հեռուստաալիքներով նման քարզչություն է իրականացվում, Փաշինյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ:

Ես կարող եմ ասել, որ ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, ինչքան հայաստանյան լրատվամիջոցները:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հեռուստաընկերություն, նաև հեռարձակողները պետք է շատ հստակ գիտակցեն, որ եթե մենք այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, որը պետք է պահպանվի»:

Ռուսական թե պետական, թե այսպես կոչված «անկախ» ԶԼՄ-ներով հակահայկական քարոզչությունը չի դադարում, նույնիսկ այն բանից հետո, երբ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այդ հարցով Մոսկվայում հանդիպեց Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ:

Ռուսական խոշոր ԶԼՄ-ները գտնվում են հենց Պեսկովի համակարգման տակ, նա է Կրեմլից իջեցնում մամուլի թեմաներն ու քարոզչության ուղղությունները:

Այս համատեքստում, վարչապետի հայտարարությունը, թե ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ, մի կողմից օրինաչափ է՝ նկատի առնելով ազատ արտահայտվելու իրավունքն ու հնարավորությունը, մյուս կողմից ենթադրում է որոշակի շերտեր, որոնք առնչվում են ԶԼՄ-ների հարցում պետական քաղաքականությանը:

Թե որքանով են ազատ ռուսական լրատվամիջոցները, թերեւս գաղտնիք չէ ոչ մեկի համար: Մյուս կողմից, հետաքրքիր է նրանց հետ հայկական ԶԼՄ-ների ազատության համեմատությունը, որ արել է վարչապետը, նկատի առնելով նաեւ նրա ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ հայկական ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին վարչակարգի վերահսկողության տակ:

Այս ոլորտի փորձագետները, լրագրողական կազմակերպությունները արձանագրում են, որ երբեւէ Հայաստանում ոչ իշխանական, կամ իշխանությանն ընդդիմադիր խմբերը այսքան ԶԼՄ-ներ չեն ունեցել, առավել եւս՝ հեռուստաընկերություններ: Դա տեղի է ունեցել այսպես ասած մեխանիկորեն՝ այդ խմբերը պարզապես շարունակում են պահպանել վերահսկողությունը:

Սակայն սա չէ խնդիրը, այլ ավելի լայն՝ այդ ԶԼՄ-ների ներկայիս վիճակը քարոզչության բնույթի տեսակետից: Իր համեմատությամբ վարչապետը փաստացի ակնարկում է, որ այն չի տարբերվում ռուսական պետական ԶԼՄ-ներից, մասնավորապես Հայաստանի ուղղությամբ քարոզչության պլանում: Խոշոր հաշվով, այդ քարոզչության թիրախը Հայաստանի սուբյեկտությունն է ներքին ու արտաքին խնդիրներում, հեղափոխության «արգելակումը»:

Այստեղ իսկապես կան զուգահեռներ ու նմանություններ: Բավական է հիշել միայն ղարաբաղյան թեման, եւ հատկապես Հայաստանում ծավալված աղմուկը տարածքները հանձնելու հարցում: Ընդ որում, դա արվում էր հենց ռուսական «աղբյուրներին» հղումներով, համեմելով անհեթեթ, երբեմն զավեշտալի հիմնավորումներով: Նույն վիճակն է տարբեր այլ հարցերում, եւ ինչպես նշում են ոլորտի փորձագետները, կառավարության դեմ խոշոր հաշվով քայքայիչ աշխատանք է տարվում:

Մյուս կողմից, բաց է մնում այս ոլորտում պետական քաղաքականության խնդիրը, եւ առայժմ չի երեւում, որ կառավարությունը քայլեր է անում այս ուղղությամբ: Խնդիրն առնչվում է պետության տեղեկատվության անվտանգությանը, եւ այն հնարավոր չէ լուծել իրավիճակային քայլերով՝ ֆեյքեր հայտնաբերելով կամ այլ բարձրաձայնվող միջոցներով: Արմատական քայլեր են պետք ոլորտը առողջացնելու եւ հայկական ԶԼՄ-ները ներկայիս ցավալի ու նվաստ վիճակից հանելու համար:

Ինչ վերաբերվում է ռուսական ԶԼՄ-ների խնդրին, ապա կառավարությունը կարող է Մոսկվայի առաջ դնել Ռուսաստանում հայկական համարժեք հեռարձակողի խնդիրը, Հայաստանում ռուսական հեռարձակողների գործունեության դիմաց:

(Visited 151 times, 1 visits today)