Պարո´ն վարչապետ, հանեք այդ կոստյումը, որ կարվել է Սերժ Սարգսյանի համար. Գ. Գորգիսյանը՝ կառավարության կառուցվածքի մասին (տեսանյութ)

Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում. այս մասին ԱԺ-ում կառավարության կառուցվածքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Պատգամավորը հիշեց, որ ուղիղ մեկ տարի առաջ էր, որ ԱԺ ամբիոնից արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էր եկել ու ասում, որ իրենք մեծամասնություն են, որ կառավարությունը գիտի, թե ինչ է անում, և որ ԱԺ-ն գործ չունի:

«Հիմա այդ նույն բառերն ասում է պարոն Զեյնալյանը, հետո կրկնում է մեր գործընկեր Վահագն Հովակիմյանը: Պարոն Զեյնալյանն ասում է՝ կառավարությունն ընտրվել է ժողովրդի կողմից, վայելում է ժողովրդի վստահությունը, պարոն Հովակիմյանն ասում է՝ կառավարությունը ոնց որոշի: Հարգելի´ գործընկերներ, միակ ընտրված մարմինը Ազգային ժողովն է, և որոշողն ազգային ժողովն է, դրա համար եք դուք եկել Ազգային ժողով՝ ներկայացնելու նախագիծը: Եվ եթե խմբակցություններն ունեն իրավունք՝ ներկայացնել առաջարկ, ապա, պարո´ն Զեյնալյան, չի կարելի ասել՝ մենք չենք ուզում քննարկել ձեր առաջարկները: Դուք պարտավոր եք քննարկել կետ առ կետ և պարտավոր եք հիմնավորել, թե որ կետին ինչի համար եք դեմ, իսկ այդպիսի քննարկում, պարո´ն Հովակիմյան, Ձեր հանձնաժողովում չի եղել: Եվ այո´, պարոն Մարուքյանը շատ գեղեցիկ ձևով ներկայացրել է մեր մոտեցումները, բայց կա տեղեկանք, որտեղ հատ-հատ գրվում են օրենքի հոդվածների վերաբերյալ մեր բոլոր առաջարկները, և նման քննարկում տեղի չի ունեցել»,- շեշտեց նա:

Այնուհետև պատգամավորն անդրադարձավ կառավարության կառուցվածքի նախագծին:  «Հիմնական կարևորագույն բաղադրիչը՝ կարիքների և ազդեցության գնահատականը բացակայում է  նախագծից: Տարբեր երկրներ, իհարկե, ունեն տարբեր քանակի նախարարություններ և կառավարության կառուցվածք, բայց այդ ամենը հիմնված է հետազոտությունների վրա, և փոփոխություններն անելիս հաշվարկվում են ազդեցությունները: Այդ պատասխանները ստանալու համար մենք ստիպված հարցապնդում ենք արել և այսօր փորձելու ենք ստանալ այդ հարցապնդման պատասխանը, որն ի սկզբանե պետք է լիներ նախագծի հիմքում: Փորձելու ենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք գոյություն չունեն և հիմնավորվում են՝ այո, մենք այդպես ենք զգում, որ այդպես լավ կլինի»,- ասաց նա և դիմեց Արտակ Զեյնալյանին. «Պարո´ն Զեյնալյան, ինչքան էլ կառավարությունն է ամեն ինչի համար պատասխանատու, եթե չկա կոնկրետ անձ, կոնկրետ խնդրի համար պատասխանատու, գործում է կոլեկտիվ անպատասխանատվությունը, որևէ մեկից մենք չենք կարող պահանջել, որպես վերահսկող խորհրդարան, պարոնայք, ինչո՞ւ մեզ մոտ չի զարգանում նորարարությունը, ինչո՞ւ տեխնիկական վերազինում տեղի չի ունենում, ինչո՞ւ գիտությունը չի նպաստում դրան: Այս ամենի համար պետք է լինի գոնե մեկ քաղաքական պատասխանատու, հիմա այդ պատասխանատուն չկա»:

Գորգիսյանը նշեց, որ մեկ տարի առաջ, վարչապետ Փաշինյանն իրենց հետ քննադատում էր, որ կառավարության կառուցվածքում կան մարմիններ, որոնք դուրս են ԱԺ վերահսկողությունից: «Հիմա դեռ ուժայինները մի կողմ թողնենք, մի հատ էլ Սփյուռքի նախարարությունը հանվում է, տանում մտցվում է վարչապետի աշխատակազմ՝ կրկին խորհրդարանական վերահսկողությունից դուրս, և ոչ ոք չգիտի, թե ինչով է զբաղվելու այդ մարդը: Դե, ինչով ասի, դրանով էլ կզբաղվեն, այսպիսին է խորհրդարանական երկրի մեր իրականությունը»,- շեշտեց նա և անդրադարձավ Կրթության ու գիտության նախարարությանը:

«Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ: Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ: Մենք ունենք այդ կարգի խնդիրներ կրթական ոլորտում, քանի որ արժեզրկվել և հեղինակազրկվել են ուսուցիչները, որովհետև նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար: Տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս տնօրենի սենյակից զանգում է նախարարին, հեռախոսը փոխանցում է տնօրենին և փոխանակ նախարարը պարզի ինչն է խնդիրը, որ ծնող է կանչել տնօրենը, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա: Այս իրավիճակով, ունենալով այսքան մեծ խնդիրներ մի նախարարությունում, որը գերկարևոր է մեր երկրի համար, միացնում ենք ևս մեկը, որը կրկին հարուստ է խնդիրներով»,- ընդգծեց նա:

Գորգիսյանը վերջում խոսքն ուղղեց վարչապետին. «Պարո´ն վարչապետ, շատ եմ խնդրում, հանեք այդ կոստյումը, որ կարվել է Սերժ Սարգսյանի համար, որովհետև այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլև արդեն Ձեր թիմակիցները՝ ամենափորձառուները, ձեր կուսակցության վարչության անդամները հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են՝ մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցրերը տվեք, մենք կապ չունենք: Սա էլ է վատ հիշողություն ու դեժավյու»:

tert.am

(Visited 160 times, 1 visits today)