Կա՛մ Դավիթ Սանասարյանն է նստում, կա՛մ բոլոր այն մարդիկ, ովքեր այդ թղթի տակ ստորագրել են

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղված իրավիճակը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։

Ընդ որում՝ հատկապես սոցիալական ցանցերում նկատելի է երկու բևեռի միջև պայքար՝ Դավիթ Սանասարյանի կողմնակիցները քննադատում և թիրախավորում են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, իշխանության մյուս թևի ներկայացուցիչները, որոնք ավելի լոյալ են Վանեցյանին՝ հակառակ գործողությունն են իրականացնում։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ իշխանության ներսում պայքար է գնում, ինչի արդյունքն էլ ստեղծված իրավիճակն է.«Եվ այն հեքիաթային մեկնաբանությունները, որ իբրև թե արդարություն է հաստատվում և պարոն Փաշինյանը տեղյակ չի եղել՝ ես չեմ հավատում։ Նա, իհարկե, նախօրոք շատ լավ տեղյակ է եղել այս ամենի մասին։ Եվ պարոն Սանասարյանը պետք է տեսնի ոչ թե քոչարյանական կամ սերժական թևի դավադրությունը, այլ նույն իշխանական բուրգում ազդեցության ոլորտի պայքար է, որի առաջին հետևանքներից մեկը պարոն Սանասարյանի դեմ այս արշավն է»։

Ըստ Համբարյանի՝ չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նույն իշխանական բուրգում տեղի ունեցող պայքարում որոշ այլ անձինք ևս հայտնվեն լուսանցքում.«Դավիթ Սանասարյանը, փաստորեն, ժամանակավորապես հայտնվել է լուսանցքում,եթե նրան հաջողվի հաղթանակած դուրս գալ՝ ապա նա կամրապնդի իր դիրքերը, եթե պարտվի որպես քաղաքական գործիչ տխուր վախճան կունենա։ Այն, ինչ տեղի ունենում նրա շուրջ կոնկրետ ներիշխանական պայքարի արդյունքում է։ Այն ուտոպիստական հայատարությունները, թե սա ժողովրդավարության դրսևորում է՝ բոլորովին համոզիչ չէ։ Այսպիսի արդարություն ոչ մի ժողովրդավարական երկրում չկա, ես ինքս չեմ հավատում նման ժողովրդավարությանը»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ սա առաջին խոշոր սկանդալն էր, ինչի արդյունքում պառակտում անխուսափելի է.«Մենք այժմ տեսնում ենք, որ Դավիթ Սանասարյանի ընկերները ֆեյսբուքում արշավ են սկսել ու թիրախավորել Արթուր Վանեցյանին։ Միայն այն հանգամանքը, որ արդեն նույն իշխանության ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել, ապացուցում է, որ կա ճաք և պառակտում, իսկ, հետագա գործընթացները ցույց կտան,թե ինչ կլինի։ Ինչպես իր կողմնակիցներն են նշում՝ Սանասարյանը կա՛մ մեղավոր է ,կա՛մ ԱԱԾ պետը հրաժարական է տալիս։ Ամեն դեպքում՝ իշխանական բուրգի մեջ տեղի ունեցան առաջին խոշոր ճեղքերը։ Իսկ հետագա գործընթացները ցույց կտան,թե ինչ կլինի»։

Համբարյանի դիտարկմամբ՝ չի բացառվում, որ իշխանությունից դուրս եկածները նոր ընդդիմություն ձևավորեն։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով ՝ իրավիճակը բավականին բարդ է.«Խնդիրը հետևյալն՝ կա խոստում, որ նույնիսկ եթե վարչապետի անձնական նեղ բարեկամական շրջապատից որևէ մեկը խախտում թույլ տա՝ պետք է կիրառվեն բոլոր օրինական քայլերը և սա այդ խոստման մի մասն է։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը շատ մարդկանց է վնաս է տալիս,իսկ թե այդ մարդիկ մինչ այսօր ինչ լծակներ ունեն՝ գաղտնիք է։ Այսպիսի մի իրավիճակ է՝ մենք տեսնում ենք ինչ-որ մի գործողություն, օրինակ հեռվում բլրի վրա փոփոխություն է՝մենք չգիտենք ինչից է դա՝ երկրաշա՞րժ էր, թե՞ պայթյուն։ Անշնորհակալ գործ է ենթադրել, թե կոնկրետ ինչէ եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կարեն Սարգսյանն ընդգծեց՝ այս իրավիճակում մենք կարող ենք միայն հետևել և պահանջել, որ գործընթացը՝ այդ թվում դատավարությունը մեզ համար թափանցիկ լինի.« Եթե հանկարծ պազվի, որ սա շինծու է, պետք է անուն ազգանուններով, հասցեներով բացահայտվի ,թե ովքեր են ստիպել ու սարքել այս գործը.«Խնդիրը հետևյալն է՝ կա՛մ Սանասարյանն է նստում կա՛մ բոլոր այն մարդիկ, ովքեր այդ թղթի տակ ստորագրել են»։

Առաջիկա զարգացումներն, ըստ մեր զրուցակցի, ունեն երկու ճանապարհ.«Եթե երրորդն առաջացավ՝ նշանակում է այս ամենն անիմաստ է եղել»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

1in.am

(Visited 179 times, 1 visits today)