Քոչարյանի վախերն ու Քոչարյանից վախեցածները

Գլխավոր դատախազությունը հաստատել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին և Սեյրան Օհանյանին առնչվող՝ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քրեական գործով մեղադրական եզրակացությունը և այսօր ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Դատելով քրեադատավարական օրենսդրությամբ ու ընթացակարգերով սահմանված ժամկետային տրամաբանությունից՝ մոտ մեկ ամիս հետո կմեկնարկի Երրորդ հանրապետության ամենաաղմկոտ դատավարություններից մեկը։ Հայաստանում առաջին անգամ ամբաստանյալի աթոռին հայտնվելու է երկրի նախկին նախագահը, ինչն արտառոց իրավիճակ է ոչ միայն մեր երկրի, այլև հետխորհրդային իրականության համար։

Անկասկած է, որ սպասվող դատավարական գործընթացում մեծ է լինելու քաղաքական բաղադրիչը՝ հատկապես որ դրա ընթացքում ակնհայտորեն բախվելու են ոչ միայն ներքին շահեր, այլ նաև իր որոշակի տեղն է ունենալու արտաքին գործոնը։ Դատելով ռուսական ԶԼՄ-ների միակողմանի, սուբյեկտիվ լուսաբանումներից՝ Մոսկվան փորձելու է բազմաշերտ ճնշում բանեցնել Հայաստանի իշխանության, արդարադատության համակարգի վրա։ Ինչ-որ իմաստով՝ ընթացիկ դատավարությունը բացահայտելու է ոչ միայն մեր նորագույն պատմության քստմնելի հանցագործություններից մեկը, այլ նաև դառնալու է Հայաստանի ինքնիշխանության, սուբյեկտության վերականգնման կարևոր ինդիկատորներից մեկը։

Իսկ մինչ աղմկոտ դատավարության մեկնարկը՝ գործընթացն ուղեկցվում է բավականին հետաքրքիր զարգացումներով, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս ոչ միայն այս գործի իրավական բաղադրիչի, այլև երկրում ստեղծված քաղաքական համատեքստի մասին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել գործը դատավորին մակագրելու գործընթացին։ Գործը քննող դատավորը որոշվելու է էլեկտրոնային մակագրության միջոցով, սակայն Քոչարյանի պաշտպանները իբրև թե տեղեկություններ ունեն, որ մակագրության գործընթացը հնարավոր է կազմակերպել այն ձևով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի, ուստի երկրորդ նախագահի պաշտպանական թիմը խնդրում է դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել վերջինիս քրեական գործի մակագրության ամբողջ գործընթացին։

Պաշտպանական մարտավարության նման դրսևորման հանդիպում եմ առաջին անգամ ու դժվարանում եմ հստակ կանխատեսել, թե որն է Քոչարյանի պաշտպանների այս միջնորդության իրական մոտիվացիան։ Ենթադրելի է, որ այս հնարքն իրականացվում է հեռահար նպատակներով։ Եթե այն չմերժվի, ապա պոտենցիալ դատավորի վրա հոգեբանական ճնշման միջոց է, հակառակ պարագայում՝ երկրորդ նախագահի փաստաբաններն աղմուկ են բարձրացնելու գործընթացի կանխորոշվածության, պատվիրված լինելու մասին։ Ընդ որում՝ չի բացառվում, որ Քոչարյանի փաստաբաններն այս միջնորդություն արել են՝ սկանդալային գաղտնալսումների բովանդակության հետ կապված փաթեթն «ուժեղացնելու» համար՝ հետագայում ՄԻԵԴ-ում իրենց բողոքը հիմնավորելու նպատակով։

Չգիտեմ՝ ինչքանով են տեղին Քոչարյանի վախերը, սակայն ակնհայտ է, որ դատական համակարգում իրապես վախեցած են երկրորդ նախագահի գործոնից։

Համատարած են լուրերը, որ առաջին ատյանի դատավորներն ամեն ինչ անում են, որպեսզի այս գործն իրենց չմակագրվի։ Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատվում է այլ փաստով։ Բարձրագույն դատական խորհուրդը հենց այս օրերին քննարկում է երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այդ դատավորներն ինքնաբացարկ են հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության գործով։ Եթե այդպիսի իրավիճակ եղել է խափանման միջոցի հարցի քննության ժամանակ, կարելի է պատկերացնել, թե ինչ խուճապ է դատավորների շրջանում՝ բուն գործի քննության ժամանակ։

Ինչի՞ց են վախենում դատավորները։

Արդյոք նախաքննության մարմինն այնքան ապաշնո՞րհ է աշխատել, որ որևէ դատավոր չի կամենում իր վրա վերցնել այս գործի պատասխանատվությունը, թե՞ դատավորներն իսկապես հավատացել են սկանդալային գաղտնասլումներից պատկերվող իրականությանը ու չեն ուզում թիրախավորվել գործադիր իշխանության, հատուկ ծառայությունների կողմից։ Այս վարկածները, իհարկե, կան, սակայն ավելի հավանական է այն տարբերակը, որ դատավորները վախենում են ոչ թե գործող իշխանություններից, այլ՝ Ռոբերտ Քոչարյանից կամ քրեաօլիգարխիայի բեկորեների հնարավոր հաշվեհարդարից։ Ի դեպ, այս վարկածն ավելի տխուր է, որովհետև հեղափոխության հաղթանակից տակավին մեկ տարի հետո փաստորեն դատական համակարգում ոչ միայն անշրջելի չեն համարում հեղափոխությունը, այլև իրական են համարում հին համակարգի ռեստավրացիայի ու իրենց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարի ռիսկերը։ Սա իրավիճակ է, որը լրջորեն պետք է մտահոգի Նիկոլ Փաշինյանի թիմին։

(Visited 36 times, 1 visits today)