Եթե Մխիթարյանը Բաքվում դառնար գոլի հեղինակ ու բարձրացներ հայկական դրոշը, անվտանգության որևէ երաշխիք չէր կարող գործել, ԱԺ-ն սատարում է նրա որոշմանը. Մ. Հայրապետյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը:

Նա հիշեցրեց, որ շուրջ 1 ամիս է, ինչ հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալը» հանդես է գալու Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որն անցկացվելու է Բաքվում ու հարց  է առաջացել՝ ադրբեջանական կողմը տալո՞ւ է համապատասխան անվտանգության երաշխիքներ Հենրիխ Մխիթարյան համար:

Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ Մխիթարյանը, խորհրդակցելով մասնագետների հետ, շատ կարճ, բայց խոսուն հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ ցավով որոշում է կայացրել չմեկնել Բաքու՝ ի հեճուկս Ադրբեջանի տված երաշխիքների:

«Մեր ֆուտբոլիստը գիտակցում էր, որ մեկնելով Բաքու՝ լինելու էր մի այնպիսի մթնոլորտում, որտեղ ընդգծված հակահայկական և քսենոֆոբիայի դրսևորումներով լի տրամադրություններ են: Իմ տեղեկություններով՝ նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ, Հենիխ Մխիթարյանը մի օր բացահայտ կխոսի հանրության առաջ»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ԱԺ-ն լիակատար  սատարում է Մխիթարյանի որոշմանը՝ չմեկնել Բաքու, քանի որ Ադրբեջանի խնդիրը միայն անցյալը չէ, և այստեղ խոսքը միայն անվտանգության երաշխիքների մասին չէ: «Օրինակ՝ ի ՞նչ կպատահեր, եթե Հենրիխ Մխիթարյանը դառնար գոլի հեղինակ Բաքվում ու բարձրացներ հայկական  դրոշը»,-հարցրեց նա և նշեց, որ որևէ անվտանգության երաշխիք չէր կարող գործել:  Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ չնայած, որ Ադրբեջանի իշխանությունները նրան են նրան մեղադրում հարցը քաղաքականացնելու մեջ, բայց հարցն ի սկզբանե էր քաղաքականացված, ու մեր ֆուտբոլիստին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրել սպորտի և անվտանգության միջև:

tert.am

(Visited 84 times, 1 visits today)