Ռոբերտ Քոչարյանի ակնարկը Սերժ Սարգսյանին

Մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, որ իմ կյանքի հիմնական իրադարձությունները, փորձությունները անցյալում են եւ ինձ սպասվում է կանխատեսելի հանգիստ, բայց երեւի սխալվել եմ: Այդ մասին մայիսի 28-ին իր համակիրների հետ հանդիպմանն ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրային հիմնական շերտերի գնահատականն ու վերաբերմունքը հանրահայտ է, եւ դրանով հանդերձ երկրորդ նախագահը ներկայացնում է քաղաքական շարժում ձեւավորելու հայտ:
Ինքնապաշտպանակա՞ն միջոց է դա Ռոբերտ Քոչարյանի համար՝ ընդդեմ իրեն ներկայացվող մեղադրանքների, թե՞ նա իրապես ակնկալում է, որ կա իշխանության վերադառնալու հնարավորություն: Դժվար է ասել, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում իշխանության գալու երկրորդ անգամ:
Ընդ որում, դա նրա թերեւս երկրորդ փորձն է: Առաջին փորձը՝ նախագահության ավարտից հետո, Ռոբերտ Քոչարյանն անում էր՝ գտնվելով ստվերում եւ հայտարարելով, որ միայն հանգամանքների բարեհաջող դասավորության դեպքում կվերադառնա քաղաքականություն: Բայց, հանգամանքներն անհաջող դասավորվեցին, եւ 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ նա հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել այդ խաղին:

Այդուհանդերձ, հայտարարությունը, թե տասը տարի առաջ իրեն թվում էր, որ մնում է հանգստանալ ու վայելել, երկրորդ նախագահի ակնարկն է այն մասին, որ խնդիրները սկսել են ամենեւին ոչ թավշյա հեղափոխությունից հետո, այլ դրանից շատ առաջ՝ հենց իր հետնախագահական տասնամյակում: Այլապես, Ռոբերտ Քոչարյանն իսկապես կհանգստանար ու կվայելեր, պարբերաբար հարցազրույցների միջոցով իրեն հիշեցնելու, Սերժ Սարգսյանի հետ հեռակա հակադրության եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երբեմն ուղիղ վիճաբանության անցնելու փոխարեն:

Այդ ամենը վկայում էր, որ երկրորդ նախագահի կյանքը անհանգիստ է դարձել ոչ թե թավշյա հեղափոխությունից, այլ գործնականում նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Ընդ որում, հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ մասին ակնարկն անում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Օրեր առաջ նրա գրասենյակի ղեկավար Սողոմոնյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին: Ըստ նրա, այդ այցը կրել է անձնական բնույթ, չի եղել քաղաքական խոսակցություն, Սերժ Սարգսյանը տեսակցության է գնացել մոտ կես տարի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին:
Այն, որ այդ հանդիպումից հետո իր համակիրների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը խոսել է ոչ թե հանգիստ կյանքի տասնամյա վաղեմության սխալ զգացողության մասին՝ հենց այդ տասնամյակի նրա գործունեության համայնապատկերով, հուշում է, որ Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունն ընթացել է հենց այդ տասնամյակի վերաբերյալ: Եվ թերեւս հարթ չի ընթացել, այլապես Ռոբերտ Քոչարյանն իր համակիրների հետ հանդիպմանն անհանգիստ կյանքի մասին չէր ակնարկի այդ տասնամյակի ներառումով:
Ստացվե՞լ է նրանց մարդկային հաշտեցումը, թե ոչ, դա պարզ չէ, սակայն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական համաձայնությունը նկատելիորեն չի ստացվել, եւ մայիսի 28-ին երկրորդ նախագահը իր համակիրներին հավաքել է Կոնգրես հյուրանոցում, երրորդ նախագահը՝ Սպիտակավոր եկեղեցում՝ Նժդեհի շիրիմի մոտ:

Սերժ Սարգսյանը տասը տարի չեզոքացրեց իշխանությունը վերականգնելու Ռոբերտ Քոչարյանի առաջին փորձը: Սարգսյանն ըստ երեւույթին չի խոստացել, որ չի խանգարի երկրորդ փորձին, լավ իմանալով, որ դրա հաջողության դեպքում ճիշտ կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, բայց ինքը շարունակելու է լինել սխալ, եւ գուցե նույնիսկ ավելի, քան թավշյա հեղափոխությունից հետո:
goodtimearm.ru

(Visited 91 times, 1 visits today)