20 տարի անց, երբ նա կրկին հայտնվել է ասպարեզում, նորից նույն բաները սկսվել են. Վահան Բադասյան

Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, Վիտալի Բալասանյանը հայտարարել է համաժողովրդական շարժում սկսելու մասին։ Նախընտրական քարոզարշավը սկսվա՞ծ է։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն Արցախում։

Ես կարծում եմ, որ մենք կամ պետք է վերջ դնենք այդ անօրեն քարոզարշավին, կամ շարունակելու դեպքում իրավիճակը գնալու է ավելի սրացման։ Ես մի քանի անգամ տարբեր առիթներով նշել եմ, որ դա օրենքին հակառակ է, ժամանակավրեպ է և, վերջին հաշվով, հակաօրինական։ Այսինքն ընտրություններից 1,5 տարի առաջ սկսել են քարոզարշավը։ Ես նրանց կոչ կանեի դադարեցնել անօրինական քարոզարշավը, իշխանություններին կոչ կաեի, որ պատկան մարմիններն անպայման անդրադառնան և կոչ անեն, որ նրանք այլևս չշարունակեն քարոզարշավը։

Ընդհանրապես, քարոզարշավը լինում է 20 օր, մեկ ամիս, բայց իրենք արդեն ամիսներ շարունակ քարոզարշավ են իրականացնում և դա իսկապես սրացման է բերելու, որովհետև մարդիկ բաժանվում են ճամբարների։ Իշխանություններին կոչ կանեի դադարեցնել այս ամենը, գրասենյակներից վերցնեն պաստառները, փողոցներից հանեն գովազդային պաստառները և գրասենյակները փակեն։

Օրերս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանին, շատ դրական էր արտահայտվել նրա մասին, նշել էր, որ նրա հետ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ և, ըստ էության, ակնարկել էր, որ կաջակցեն նրան, քանի որ նա շատ լավ է վերաբերվում ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացներին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Արարատ Միրզոյանի հայտարարությունը, կարծում եք ՀՀ իշխանությունն արդեն գիտի՞, թե ում է աջակցելու Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ։

Դա ևս սրացման տանող հայտարարություն է, որովհետև նման հայտարարություն անելը ոչ այլ ինչ է, եթե ոչ կողմնակալ հայտարարություն։ Նախ, տպավորությունն այն է, որ այս ամենը անձնավորված է, որ նրանք անձնապես մտերիմ են և մարդիկ, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, նման բան են հայտարարում։ Արարատ Միրզոյանը նման բան հայտարարելու բարոյական և իրավական իրավունքը չուներ։ Ի՞նչ է նշանակում, որ Արայիկ Հարությունյանն ընդունում է ժողովրդավարական գործընթացները ՀՀ-ում։ Հիմա բոլորն էլ կարող են հայտարարել, որ ընդունում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, և սկսեն քարոզարշավը։ Դա կբերի նորից սրացման։ Ես նորից կոչ կանեի ՀՀ իշխանություններին, հատկապես Արարատ Միրզոյանին՝ չկրկնել նման սխալը և կոչ անել կողմերին դադարեցնել անօրեն քարոզարշավը։

Կարծում եք՝ շատ լարվա՞ծ քարոզարշավ է սպասվում Արցախում 2020-ին կայանալիք ընտրություններից առաջ և հետո։
Չեմ կարծում, որովհետև կարող է լինել նաև ուրիշ բան։ Կարող է ծնվել մի ուժ և ասել՝ ձեններդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք բոլորդ, և ճնշի ընդհանրապես բոլորին։ Եթե իշխանությունները դա չանեն, այդ ուժն անշուշտ կծնվի։ Ես կարող եմ Արայիկ Հարությունյանին ասել, որ դուք անօրեն քարոզչություն եք անում, և դադարեցրեք այն։ Սամվել Բաբայանին կոչ կանեի ընդհանրապես հեռանա ասպարեզից, որովհետև արդեն 20 տարի է, ինչ նրան հեռացրել են փաստացի Արցախի դիկտատորի պաշտոնից։ Փաստորեն մենք հեղափոխությունից 20 տարի առաջ հեռացրել ենք պաշտոնից, բայց այս ընթացքում մեծահոգաբար չենք ոչնչացրել իրեն։ Այսինքն մարդկանց հիշողության մեջ չենք կապել միտքը, որ ինքը չարիք է։ Ու հիմա, 20 տարի անց, երբ նա կրկին հայտնվել է ասպարեզում, նորից նույն բաները սկսվել են, ինչն իր ժամանակ առկա էր՝ կրակոցներ, դանակահարություն։ Եթե այսպես շարունակվի, լինելու են գնդակահարություններ, բռնի ուժի կիրառում և այլն։ Այսինքն միշտ կգտնվեն այն ուժերը, որոնք կողմերին կասեն՝ բոլորդ նստեք ձեր տեղը։

Արցախում հնարավոր է նոր ուժի ձևավորո՞ւմ։
Կան այդ ուժերը, այդ լարվածությունը զսպանակի նման սեղմված նույնպես կա, որ կողմերին պետք է հանդարտության կոչ անել։ Եթե իշխանությունները չդադարեցնեն այդ անօրինությունները, ապա այդ ուժը պետք է անի։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն հայտարարել է, որ ստեղծվում է ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզող հատուկ հանձնաժողովը։ Ձեր կարծիքով՝ Արցախը պե՞տք է ներգրավվի այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, և որքանով կարող է արդյունավետ լինել նման քննիչ հանձնաժողովի աշխատանքը։

Եթե հիշում եք, հենց պատերազմի առաջին օրերից ասել եմ, որ բանակի մի շարք պաշտոնյաներ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ես ասել եմ, որ ապրիլյան պատերազմի պատասխանատուները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Դրա մեջ մտնում են թե զինվորական բարձրաստիճան հրամանատարներ, գեներալներ, քաղաքական իշխանություններ։ Այսինքն դրա մեջ մտնում են պատասխանատու պաշտոնատար անձինք։ Դա եղել է 2016-ի ապրիլյան պատերազմի արդյունքը՝ մեր կորցրած դիրքերը, տված զոհերը, մարդկանց բռնած դիրքը։ Դա հետևանք էր մինչ այդ կատարված ծանր հանցագործությունների, և դրան պետք է պատասխան ու գնահատական տրվի։ Ու դա պետք է անի, անշուշտ, հանձնաժողովը, որը բոլորին պետք  է դնի իր տեղը։

Ովքե՞ր պետք է լինեն այդ հանձնաժողովի առաջնային թիրախում: Դուք ապրիլյան պատերազմի մասնակցություն ունեցել եք և մոտիկից գիտեք շատ նյուանսներ, թե ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, և նախորդ իշխանությունը նրանց շրջանցեց։

Ոչ թե նախորդ իշխանությունը շրջանցեց, այլ ամեն ինչ պետք է սկսել հենց վերևից ներքև։ Առաջին պատասխանատուն օրվա գլխավոր հրամանատարն է ու նրանից պետք է սկսել, որովհետև նա է նշանակել այդ կադրերին։ Ես մի քանի առիթով նշել եմ, որ կադրերի գրեթե 80 տոկոսն իրենց տեղում չէին։ Խոսքը դաշտային հրամանատարների մասին է։ Նրանց նշանակելիս ընտրություն էին կատարել ոչ ռազմական, զինվորական պատրաստվածության աստիճանի և պատշաճ գիտելիքները հաշվի առնելով, այլ նախընտրական և հետընտրական պրոցեսներում իրենց ծառայելու ընդունակությունները հաշվի առելով։ Սպաներ կային, որ խրախուսվել ու հրամանատար էին նշանակվել, որովհետև օրինակ, 2008-ի մարտի 1-ին իրենց «լավ» էին դրսևորել։ Եղել են նման դեպքեր և նման անձինք։ Եվ կան մարդիկ, որոնք մարտն սկսվելուց հետո ոչինչ չեն ձեռնարկել, անգործության են մատնվել։

Եթե հանձնաժողովն ինձնից հարցնի, ես մատնացույց կանեմ այդ մարդկանց տեղը, եթե իրենք չիմանան։ Կային դեպքեր, երբ զինվորները դիրքերում մինչև վերջ մարտնչել ու զոհվել էին, ժամերով նրանց ոչ ոք օգնության չէր գնացել: Ասում են՝ փամփուշտն է վերջացել, իհարկե, փամփուշտն ինչ-որ պահի կարող է վերջանալ, բայց մարդիկ 4 ժամ կռվել են ու օգնություն չի եկել։ Այսինքն՝ մարդիկ զոհվել են, որովհետև օգնության չեն գնացել։ Եղել են նաև դեպքեր, որ հատուկ սարքավորումների փոխարեն տուշոնկայի դատարկ բանկաներ են կախված եղել։ Ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Եղել են դեպքեր, երբ դիրքերում չի եղել պատշաճ զինտեխնիկա կամ զինատեսակ։ Ինչո՞ւ է այդպես եղել։

Նախկին իշխանությունները փոխանակ գոնե իրենք գնահատական տային իրենք իրենց արարքներին, առանց քրեական պատասխանատվության ենթարկելու, առաջին հերթին աշխատանքից ազատել են դեպքի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց՝ բանակի կապի ծառայության պետին և հետախուզության պետին։ Այնինչ այդ երկու ծառայությունները ամենաառաջինն են հայտնել, որ պետք է լինի հարձակում։ Այսինքն ստացվում է, որ փոխանակ իրենց լավ դրսևորող ծառայություններին պարգևատրելու, նրանց պատժել են։ Նորից կրկնեմ, պետք է սկսել օրվա գլխավոր հրամանատարից մինչև զորամասի հրամանատարներ։ Բայց պատժելու երկու ձև կա. նախ այդ օրը ով ինչպես է իրեն դրսևորել, նա պետք է պատասխան տա, և որպես հետևանք ինչու է եղել այդպես, նրանք պետք է պատասխան տան։
goodtimearm.ru

(Visited 72 times, 1 visits today)