«Այնպիսի կին չեմ, որի կողքին միշտ պետք է տղամարդ լինի»․ Անի Լուպե

Անի Լուպեի ստեղծագործական կյանքում ներկայումս դադար է։

«Ազիզյանները» սիթքոմի ավարտից հետո դերասանուհին հեռուստատեսային նոր առաջարկներ առայժմ չունի, իսկ Կամերային թատրոնում արձակուրդային շրջան է։ Առիթն օգտագործելով՝ Անին իր ժամանակը տրամադրում է հանգստին:

Tert.am Life-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսային առաջարկների բացակայության, ամուսնության մասին հարցերին հումորով արձագանքելու, իսկ ընտանիք կազմելուն լուրջ վերաբերվելու և 35-ամյակը բոլորելուց հետո նրա մտածմունքների մասին։

Ակտիվ կյանքի ու ակտիվ հանգստի սիրահար դերասանուհին նշեց, որ առայժմ ամառային հանգստի մեկնելու հստակ ծրագրեր չունի, բայց ուր էլ գնա, մենակ չի գնալու։

«Առհասարակ, ես միայնակ ոչինչ չեմ սիրում։ Միշտ սիրում եմ լինել ընկերներիս շրջապատում, հաճելի մարդկանց ընկերակցությամբ, ծնողներիս հետ։ Կարևորը մենակ չլինեմ»,-ասաց Անին։

Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե մենակ չլինելու ձգտումը որքանո՞վ է առնչվում նաև անձնական կյանքին․ «Ես միշտ սիրում եմ լինել հաճելի մարդկանց շրջապատում, սակայն անձնականի տեսանկյունից այնպիսի կին չեմ, որի կողքին միշտ պետք է տղամարդ լինի։ Այն, ինչ կապված է զգացմունքների հետ, երբեք չես կարող կանխատեսել»։

35-ամյա Անին վստահ է՝ միայն տարիքն ամուսնանալու համար պատճառ լինել չի կարող։ Դերասանուհու խոսքով՝ ինքն այդ թեմային թեթև է վերաբերում, նման հարցերին, հիմնականում, պատասխանում է հումորով․ «Իրականում չեմ կենտրոնանում այդ թեմայի վրա։

Ամուսնանալու հետ կապված հարցերն ինձ երբեք չեն բարկացնում։ Մի անգամ ինձ գրել էին՝ «տունն եմ մնացել», ես էլ պատասխանեցի՝ բա հո դուրսը չէի մնալու։ Չգիտեմ, թե երբ եմ ամուսնանալու, ամուսնության առաջարկ չունեմ։ Ի՞նչ կապ ունի, թե կինը որ տարիքում կամուսնանա։ Անկախ տարիքից, լինելու բանը կլինի»։

Չնայած նման թեմաներին հումորով վերաբերվելուն՝ դերասանուհին նշեց, որ ընտանիք կազմելն իր կյանքում ամենալուրջ քայլերից է, որին երբեք չի գնա ուղղակի փոփոեխության համար։

«Գուցե իմ արտաքնին նայելով չպատկերացնեն, թե ես ինչ վերաբերմունք կարող եմ ունենալ ամուսնությանն ու ընտանիք կազմելուն, սակայն ընտանիքն ինձ համար շատ լուրջ ու կարևոր հասկացություն է։ 35 տարեկան եմ, բայց միայն տարիքից ելնելով չեմ պատրաստվում ամուսնանալ»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ տարիքն իր համար միայն թիվ է, որին ուշադրություն չի դարձնում։

Անին նշեց, որ հոգեպես ու ֆիզիկապես ինքն իրեն շատ ավելի երիտասարդ է զգում, իսկ 10 կամ 20 տարի հետ վերադառնալ՝ երբեք չի մտածել․ «ես շատ դրական եմ վերաբերվում իմ բոլոր տարիքներին, մեծանալու ընթացքին, տորթի մոմերի քանակին։

Ասեմ ավելին, չեմ էլ նկատում, որովհետև եթե այդ թվերը չլինեին, ես նույնը կմնայի։ Թվերի ավելանալն ինձ երբեք չի խանգարել և չի խանգարում։ Տարիքիս թիվն էլ ֆիքսում եմ, որովհետև տարեդարձիս օրը շատ-շատ եմ սիրում»,- նշեց Անին։

Դերասանուհու խոսքով՝ ինքն ապրել է գերհագեցած կյանք․ 35 տարվա ընթացքում, որպես կին, արել է այն, ինչ իրեն գոհացրել է․ «Կարծում եմ՝ սա ոչ թե բնավորություն կամ մտածելակերպ է, այլ արդյունք, քանի որ իմ յուրաքանչյուր տարիք ապրել եմ հագեցած․ հետ նայելով հասկանում եմ, որ ունեցել եմ լեցուն կյանք ու եթե նորից վերադառնայի պատանեկության, երիտասարդության շրջան, նույնն էի անելու»։

Դերասանուհու խոսքով՝ միակ բանը, որը տարիքի հետ փոխվել է՝ մտածելակերպն է․ կցանկանար 35 տարեկանի հասունությամբ ու աշխարհայացքով լինել 20 տարեկանում։ Ամփոփելով տարիքի հետ կապված թեման՝ Անին ծիծաղելով ավելացրեց, որ միակ բանը, որն իրեն մի քիչ վախեցնում է՝ իրեն ծեր պատկերացներն ու տատիկ դառնալն է։

Ինչպես անձնական կյանքի, այնպես էլ հեռուստատեսային նոր առաջարկների բացակայության վերաբերյալ հարցերին, Անին, իր խոսքով, թեթև է վերաբերվում։ Պատրաստ է նոր համագործակցությունների։

«Հեռուստադիտողներն ինձ տեսել են միայն հումորային ձևաչափով, սակայն մինչ այդ ես ինձ միշտ դրամատիկ դերերով եմ պատկերացրել։ Առաջարկի դեպքում կարող եմ մարմնավորել կերպարը՝ անկախ ձևաչափից։ Առհասարակ, որպես դերասանուհի, ժանրերից վախ չունեմ»,- նշեց Անին։

Դերասանուհու խոսքով՝ ինքն առաջարկների բացակայության վրա երբեք չի կենտրոնանում, այս ընթացքում եղել են քասթինգներ, որոնց լուսանկարներ է ուղարկել, սակայն դեռ արձագանքներ չկան: «Երբեք չեմ կենտրոնանում, թե ինչը կարող է առաջարկների բացակայության պատճառ լինել։
Գուցե հարմար նախագծեր չկան կամ կան, բայց դերասաններն արդեն ընտրված են»,- ասաց դերասանուհին։

(Visited 221 times, 1 visits today)