Պարզ է, որ իշխանության դեմ են գնում, բայց իշխանությանն էլ վնասել չեն կարողացել

Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, վերջին զարգացումները, Սահմանադրական դատարանի ճգնաժամը, հինգերորդ շարասյան ակտիվացումը, ի՞նչ նոր մարտահրավերներ է առաջացնում և ի՞նչ խնդիրների լուծում եք տեսնում․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․

«Իմ գնահատմամբ ստագնացիայի՝ լճացման վիճակ է, որի մեղավորը նոր իշխանությունն է, որովհետև չուզեց, չկարողացավ համախմբել հեղափոխության ուժերին բարեփոխումները սկսելու և առաջ տանելու համար։ Ակնհայտ է, որ «գողապետության» դերակատարները, որոնք երկիրը աղետի եզրին են կանգնեցրել, միջազգային օժանդակություն հայցելով, կարողացան ակտիվանալ, և հակասությունը գրեթե հակամարտության է վերածվում։

Աստված չանի, եթե քաոսային շարժում առաջանա, բայց ես կարծում եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ վիճակը, և այդ «գողապետությունը» պետք է ոչնչանա։

Ըստ էության, Հայաստանում Սահմանադրական դատարանից մինչև դատարաններ գտնվում են պետության դեմ ապստամբական վիճակում՝ օգտագործում են մազոխիզմի չափի հասնող հոդվածներ, խրթին մեկնաբանություններ։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը ոչ մեկը չի հասկացել՝ ինչ որոշում է կամ ինչի մասին է։

Թվում է՝ Քոչարյանին են փրկում՝ փրկելու ոչ մի բան չեն գտել։ Պարզ է, որ իշխանության դեմ են գնում, բայց իշխանությանն էլ վնասել չեն կարողացել։

Ինչ է ստացվում։ Այս պահին Հայաստանում վերջնականորեն ոչնչանում է լեգիտիմության իմաստով կարևորագույն պետական ինստիտուտը՝ Սահմանադրական դատարանը։ Ժողովրդի մոտ նորից վերանում է արդարադատության նկատմամբ հավատը։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ժամանակն է իշխանություններից, ավելի շուտ՝ վարչապետից պահանջել՝ շարժվի՛ր։ Միջազգային զուգահեռներով օրինակը շատ ակնհայտ է․ ուկրաինացիները երբ սկսեցին, և տեսեք՝ ինչ օրենսդրական ակտեր են ընդունել։ Կարող ենք ասել՝ յոթ մղոնանոց քայլերով շարժվում են դեպի փոփոխություններ»։

(Visited 96 times, 1 visits today)