Ռուսները սարսափում են Հոկտեմբերի 27-ի հնարավոր բացահայտումից.խոշոր տրամաչափի միջազգային սկանդալ է լինելու

Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությանը մշտապես դեմ արտահայտվող և շատերի գնահատմամբ հակառուսական տրամադրություններ ունեցող «Սասնա ծռերի» և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մի քանի օր է՝ տեղական և նաև ռուսական լրատվամիջոցների ու փորձագետների ուշադրության կենտրոնում է։

Ավելին՝ Ռուսաստանում կան որոշակի մտահոգություններ, որ Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» շուրթերով փորձում է Ռուսաստանին ձեռնոց նետել։ Նման կարծիք էր հայտնել քաղաքագետ Նիկիտա Իսաևը։

Պաշտոնական մեկնաբանությունն այն էր, որ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանին «Սասնա ծռերը» զգուշացրել են նախկին համակարգի կողմից ռևանշի դիմելու մտադրությունների մասին։ Իսկ Սեֆիլյանն էլ նշել էր, որ հինգերորդ շարասյունը սպասում է, որ վարչապետ Փաշինյանը Ամուլսարը շահագործելու որոշում ընդունի, որպեսզի անցնի գործողությունների։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանը մտահոգվելու շատ բան ունի, բայց ամենաառաջինը՝ Հոկտեմբերի 27-ի հնարավոր բացահայտումն է։ «Հարյուր տոկոսով ապացուցվելու է ռուսների անմիջական մասնակցության, նախաձեռնության փաստը։

Իսկ դա առաջացնելու է շատ խոշոր, միջազգային տրամաչափի սկանդալ։ Իրենք դրանից են վախենում՝ թե չէ «Սասնա ծռեր», Նիկոլ Փաշինյան, պիցցայակերներ՝ բոլորը մանրուքներ են։ Առանց այն էլ՝ իրենք աշխարհով մեկ խայտառակ են եղել բոլոր իրենց արտաքին հարաբերությունների սահմանում, տեղ ու դադար չկա։

Այս մի կաթիլն է պակասում, որ հայտնվեն Հաագայի միջազգային դատարանում։ Այն, ինչ կատարվեց 1999 թվականի Հոկտեմբերի 27-ին՝ աննախադեպ ցինիկ ոճրագործություն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Վարդանյանն ընդգծեց. «Ռուսաստանի համար ցանկացած ուժ, որը ճշմարտություն է բարձրաձայնում, ի սկզբանե հակառուսական է՝ անկախ նրանից, թե այդ ուժն իրենից ինչ է ներկայացնում, ինչ քաղաքական դիրքորոշում ունի, ինչպիսի

գաղափարախոսությամբ է առաջնորդվում։ Իրենց գաղափարախոսությունը, պրոպագանդան հիմնված է այն հեքիաթների վրա, որ հորինել են դեռևս բոլշևիկյան տարիներից ու մինչև հիմա էլ շարունակում են բարձրաձայնել»։

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե Փաշինյանն էլ, գալով իշխանության, դարձավ պրոռուսական, Արկադի Վարդանյանն ասաց. «Ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ, պարզապես բավարար տեղեկատվություն չունեմ։ Հավանաբար, գոյություն ունեն հանգամանքներ, որ շատ քչերին է հայտնի։

Մենք չենք պատկերացնում, թե ինչն է պատճառը, որ իշխանությունը ոչ թե ռուսամետ, այլ ռուսների նկատմամբ հնազանդ կեցվածք է ընդունել։ Սա մի փոքր անհասկանալի է։ Այդ հարցը բազմաշերտ է»։

Միևնույն ժամանակ Վարդանյանը ողջունում է վարչապետ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչների հետ։ «Դա շատ ճիշտ և ժողովրդավարական բնույթի մոտեցում է, ես միանշանակ ողջունում եմ։ Դրանք պետք է ավելի հաճախ լինեն ու ավելի լայն շերտեր ընդգրկեն։

Որքան շատ լինեն այն մարդկանց կարծիքները, որոնք տեղեկացված են, կյանքի փորձ ունեն, այնքան դա ավելի կնպաստի կառավարության կողմից ավելի ճիշտ ու օբյեկտիվ որոշումներ կայացնելուն»,- եզրափակեց նա։

(Visited 26 times, 1 visits today)