Շնորհավոր տոնդ սիրելի ՈՒՍՈՒՑԻՉ . Այսօր ուսուցչի միջազգային օրն է

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում տոն է՝ Ուսուցչի միջազգային օր:

Տոնի պատմությունը
1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվեց «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Իսկ արդեն 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարեց որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում

Տոնը Հայաստանում

2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:

Այլ երկրներում
Թեպետ բոլոր երկրներն ունեն Ուսուցչի տոն, բայց ոչ բոլոր երկրներում է այն նշվում հոկտեմբերի 5-ին:

Բրազիլիա՝ հոկտեմբերի 15-ին:

Վիետնամ՝ նոյեմբերի 20:

Իսպանիա՝ հունվարի 29:

Պերու՝ հուլիսի 6:

Թայվան՝ սեպտեմբերի 28:

Ավանդույթներ

Հայաստանում և ԱՊՀ երկրներում Ուսուցչի տոնին հիմնականում ուսուցիչներին շնորհավորում են՝ ծաղիկներ նվիրելով:

Իսկ եվրոպական երկրներում ավանդությներն այլ են: Օրինակ՝ Ֆրանսիայում ոչ թե նվերներ են տալիս, այլ ծնողները ուսուցիչների համար կազմակերպում են թեյախմություն: Իսկ Լեհաստանում շնորհավորում են ոչ թե բոլոր ուսուցիչներին, այլ միայն դասղեկներին:
Արգենտինայում այն ազգային տոն է բոլորի համար՝ ոչ աշխատանքային օր է: Բրիտանացիներն այդ օրը ուսուցիչներին նվիրում են թեյ, իսկ ավստրիացիները այս տոնը չեն նշում ընդհանրապես:

Հետաքրքիր փաստեր ուսուցիչների մասին
Ուսուցիչների մոտ սթրեսի մակարդակը այնքան է, ինչքան օդաչուների և հրշեջների մոտ է:
Ուսուցչի ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ տարեկան 68.000 դոլար:
Ամենաքիչ ուսուցիչները Բրազիլիայում են՝ 1 ուսուցչին բաժին է ընկնում 32 աշակերտ:
Ամենաշատ ուսուցիչները Պորտուգալիայում են՝ 1 ուսուցչին բաժին է ընկնում 7 աշակերտ:

Հարցումները ցույց են տվել, որ այնուամենայնիվ, ուսուցիչներն ամենաշատը հարգված են Չինաստանում, իսկ ամենաքիչը՝ Իսրայելում:
Ամենաշատ դասաժամերն ուսուցիչներն ունենում են Մեծ Բրիտանիայում՝ շաբաթական միջինը 46 դաս:
Ամենաշատ կին ուսուցիչները Լատվիայում են՝ 88 տոկոս, ամենաքիչը Ճապոնիայում՝ 39 տոկոս:
Ուսուցիչների միջին ամենաբարձր տարիքը Իտալիայում է՝ 49 տարեկան:

Ռուսաստանում 1992-ից անցկացվում է «Տարվա ուսուցիչ» մրցույթ, իսկ 1995-ից կա նաև «ՌԴ վաստակավոր ուսուցիչ» կոչում։
Հետաքրքիր փաստեր դպրոցական կյանքից
Կան երկրներ, որտեղ ուսումնական տարին սկսվում է հունվարի 1-ից և կամ մարտի 1-ից:
Գերմանիայում և Չեխիայում լավագույն գնահատականը 1-ն է, իսկ ամենացածր գնահատականը՝ 5-ը:
Չինացի աշակերտներն ամեն օր մինչ դասերը սկսվելը ունեն մարզանքի ժամ. դա համարվում է պարտադիր:
Ճապոնիայում դպրոցներում չկան ճաշարաններ կամ բուֆետներ։

 

Անգլիական դպրոցներում ոչ միայն դասերին, այլև դասամիջոցներին պետք է խոսել գրական:
Ավստրալիայում դպրոցական ծրագրի մեջ ներառված են նաև ճամփորդելուն վերաբերող դասաժամեր, Ճապոնիայում՝ բնությամբ հիանալու դասաժամեր, Գերմանիայում՝ երջանկության դասեր:
Ֆինլանդիայում ուսուցումն անհատականացված է: Աշակերտներին չեն կանչում գրատախտակի մոտ, իսկ ուսուցիչը օգնականի հետ անհատական են աշխատում աշակերտների հետ:
ԱՄՆ-ում ուսուցիչները հետևում են «գաղտնի գնահատական» սկզբունքին, ամեն մի աշակերտի առանձին են ասում իր գնահատականի, թերացումների ու սխալների մասին:
Ամենաթանկ դպրոցը գտնվում է Անգլիայում: Այն համարվում է միջազգային դպրոց, որտեղ ուսուցման համար ամեն ամիս պետք է վճարել 80.000 դոլար:

(Visited 267 times, 1 visits today)