Ո՞ր մթերքներն են նպաստում գոտկատեղի շուրջ ճարպի գոյացմանը. (Լուսանկարներ)

Յուրաքանչյուր կին էլ ուզում է ձիգ կազմվածք և բարակ գոտկատեղ ունենալ: Բայց երբեմն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և ճիշտ են սնվում, և իրենց սննդակարգին են հետևում, և օրվա ռեժիմն են պահում, սակայն այդքան ատելի ճարպը ստամոքսից ոչ մի տեղ էլ չի անհետանում: Ցանկալի արդյունքին հասնելու համար փորձեք որոշ մթերքներ բացառել Ձեր սննդակարգից:

Ալյուրից պատրաստված մթերքներ և խմորեղեն

Սրանք հարթ որովայնի ամենաոխերիմ թշնամիներն են: Ալյուրի մեծ քանակություն պարունակող բոլոր մթերքներն անխուսափելիորեն իրենց հետ բերում են ճարպի կուտակման հավանականություն: Այդպիսի մթերքներից են ինչպես՝ հացը և հացաբուլկեղենը, այնպես էլ՝ խմորեղենը`տորթերն ու տարբեր տեսակի թխվածքները: Քաղցր թխվածքը տառացիորեն հագեցած է արագ քայքայվող պարզ ածխաջրածիններով: Դրանց` օրգանիզմ ընկնելուց հետո հագեցածության զգացողությունն արագ լքում է մարդուն, և վերջինս կրկին ուզում է ուտել դրանք: Բնականաբար, այդ քայքայված ածխաջրածիններն արագ վերածվում են ճարպի և հիմնավորվում հատկապես գոտկատեղի վրա: Հատկապես ակտիվորեն ճարպի կուտակմանը նպաստում են թխվածքեղենը, պաղպաղակը, քաղցր թխվածքաբլիթները, կրեմով տորթերն ու մյուս խմորեղենը, ինչպես նաև՝ շոկոլադն ու ամենատարատեսակ ջեմերն ու մուրաբաները:

Շաքար

Հարթ որովայն ունենալու համար չի խանգարում հրաժարվել նաև շաքարից, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներից: Այդպիսի մթերքներից են նաև խանութներում վաճառվող ստվարաթղթե տարաների մեջ լցված հյութերը: Եթե քաղցրից իսպառ հրաժարվել չի հաջողվում, կարելի է փորձել շաքարը փոխարինել մեղրով: Այն խելամիտ քանակությամբ օգտագործելու դեպքում կազմվածքի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի:

Աղ

Օրգանիզմում աղի քանակությունը նույնպես շատ չպետք է լինի, քանի որ այն թույլ չի տալիս հեղուկը դուրս բերել օրգանիզմից, ինչն իր հերթին՝ կարող է այտուցի պատճառ հանդիսանալ:

Կարտոֆիլ

Այն թույլատրելի է օգտագործել միայն եփած վիճակում, ընդ որում, ցանկալի է ուտել նոր, թարմ կարտոֆիլ: Ինչ վերաբերում է շատերի կողմից սիրված տապակած կարտոֆիլին, ապա այն ոչ միայն որևէ կերպ չի նպաստում նիհարելուն, այլև ընդհակառակը: Բացի դրանից, օրգանիզմին որևէ օգուտ չի բերում:

Սպիտակ մշակված բրինձ և սպիտակաձավար

Այդպիսի բրնձի բաղադրության մեջ մտնող օսլան բոլորովին էլ օգտակար չէ կազմվածքի համար: Իհարկե, սննդակարգից սպիտակ բրինձն իսպառ բացառել պետք չէ, սակայն շաբաթը 2 անգամից ավելի էլ պետք չի ուտել: Դրա փոխարեն՝ շագանակագույն, չմշակված բրինձ կարող եք ուտել անսահմանափակ քանակությամբ: Ինչ վերաբերում է սպիտակաձավարին, այն ևս պետք է ներառել արգելված մթերքների ցանկում, այլապես գոտկատեղի ճարպը միայն կավելանա:

Խաղող և բանան

Որքան էլ պարադոքսալ է, նշված մրգերը ևս կարող են սադրել որովայնի վրա ճարպային կուտակումների գոյանալը, այնպես որ, պետք չի չարաշահել դրանց գործածությունը:

Արագ պատրաստվող շիլաներ և մյուսլիներ

Այս մթերքներից ևս ավելի լավ է հրաժարվել, քանի որ դրանք հարուստ են պարզ ածխաջրածիններով, բացի դրանից, դրանք ուտելուց հետո քաղցի զգացումը շատ արագ է վերադառնում:

Մսային արգանակներ և յուղոտ միս

Ամենևին էլ լավ գաղափար չէ անդադար մսային արգանակներ օգտագործելը, քանի որ դրանցում մեծ քանակությամբ վատ խոլեստերին է պարունակվում: Խուսափել պետք է նաև յուղոտ մսից, այլապես կմոռանաք հարթ որովայնի մասին:

Մայոնեզ, երշիկ, ծխեցված մսամթերք և պահածոներ

Այս մթերքները ակտիվորեն խոչընդոտում են ճարպից ազատվելուն, քանի որ աներևակայելիորեն մեծ քանակությամբ ճարպեր են պարունակում:

Ֆասթ-ֆուդ կամ արագ պատրաստվող սնունդ

Բացի նրանից, որ ֆասթ-ֆուդը շատ կալորիական է, նաև ունակ է արգելակել օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ամենատարբեր արհեստական հավելումներ: Իսկ այնտեղ, որտեղ դանդաղում է նյութափոխանակության պրոցեսը, սնունդը յուրացվում է շատ վատ, ինչի արդյունքում էլ նիհարելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Է՞լ ինչից է պետք զգուշանալ

Հարթ որովայն ունենալու համար միայն սննդակարգում սահմանափակումներ մտցնելը բավարար չէ: Պետք է իսպառ հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից: Հատկապես վատ կազմվածքի վրա անդրադառնում է գարեջուրը, բայց դա չի նշանակում, որ մյուս ալկոհոլային խմիչքները պակաս վնասակար են: Դրանք դանդաղեցնում են օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսները:

Ո՞ր մթերքների վրա է պետք ուշադրություն դարձնել

Չնայած այն բանին, որ գեղեցիկ և հարթ որովայնը պահանջում է մի շարք համեղ, սակայն բացարձակապես ոչ օգտակար մթերքներից հրաժարում, կան բավականին շատ ոչ պակաս համեղ բաներ, որոնք հանգիստ կարող ես քեզ թույլ տալ: Դրանցից են բանջարեղենը` դդում, ճակնդեղ, պոմիդոր, վարունգ, գազար, բազուկ, մրգերը` մանդարին, կիտրոն, սեխ, սալոր, ձմերուկ, խնձոր, դեղձ, թուրինջ ու նարինջ, և հատապտուղները` ելակ, մորի, հաղարջ և այլն: Բնության այս բոլոր բարիքները կարող են պարծենալ բջջանյութի մեծ քանակի պարունակությամբ, որը նպաստում է օրգանիզմից թույները դուրս բերելուն:

Ուտել պետք է հաճախ, բայց քիչ-քիչ: Սննդակարգում պետք է ընդգրկված լինեն նաև ձկնեղեն, ձու, անյուղ միս և կաթնաշոռ, որոնք ցանկալի է համադրել բանջարեղենով կամ մրգերով: Իսկ լավագույն նախաճաշը ցորենի, հնդկաձավարի և վարսակի շիլաներն են: Ճաշին կարելի է ուտել համեղ բանջարեղենային ապուր՝ մի կտոր խաշած մսով կամ ձկով: Ընթրիքն ավելի լավ է փոխարինել թեթև բանջարեղենային աղցանով: Չի խանգարում խմել նաև բավարար քանակությամբ ջուր կամ հանքային ջուր, կոմպոտներ և բնական հյութեր:

Ինչո՞վ փոխարինել «վնասակար» մթերքները

Սիրելի ճաշատեսակների էներգետիկ արժեքը նվազեցնելու համար բավական է արգելված մթերքները փոխարինել ավելի պակաս կալորիականություն ունեցող տարբերակներով: Օրինակ, տապակած կարտոֆիլի փոխարեն՝ կարելի է պատրաստել համեղ պյուրե, աղցանները պատրաստել բուսայուղով, այլ ոչ թե՝ մայոնեզով, իսկ հացի հիանալի ալտերնատիվ կարող է լինել չորահացը: Յուղոտ խոզի մսով կերակրատեսակները հեշտությամբ կարելի է փոխարինել անյուղ հորթի կամ տավարի մսով, ինչպես նաև թռչնամսով կամ ճագարով: Տվյալ դեպքում գերազանց տարբերակ է շոգեխաշած կամ եփած մսամթերքը: Քաղցրի պահանջի դեպքում օգտագործեք չամիչ, չրեղեն, երբեմն՝ նաև եգիպտացորենի փաթիլներ:

Ինչո՞վ է վտանգավոր գոտկատեղի ճարպը

«Բարակ գոտկատեղ` երկար կյանք» արտահայտությունը հիմնավորված է, քանի որ գոտկատեղի ճարպը ոչ միայն գեղագիտական թերություն է, այլև իրական վտանգ է իրենից ներկայացնում կյանքի որակի և նրա տևողության համար: Որքան քիչ լինի գոտկատեղի ճարպը, այնքան մարդը ավելի քիչ հավանականություն կունենա բախվել այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են օնկոլոգիան, շաքարախտը, լյարդի հիվանդությունները, ասթման, ինֆարկտը կամ ինսուլտը: Հղիանալը նույնպես հեշտ կլինի: Այդ ճարպն իրենից ներկայացնում է անհավանական քանակությամբ մետաբոլիկ ակտիվ բջիջների կուտակում, որոնք շարունակ արտադրում են ամենատարատեսակ քիմիական նյութեր և մոտ 30 տեսակի հորմոններ:

Ընդ որում, դրանց մեծ մասը կործանարար ազդեցություն կարող է ունենալ աղիների, անոթների, սրտի և լյարդի համար: Ցավոք, վիսցերալ, այսինքն՝ ներքին ճարպից հնարավոր չէ ազատվել ոչ գոտկատեղին պոլիէթիլենային թաղանթ փաթաթելով, ոչ տարբեր սպա պրոցեդուրաներով ու մերսումներով:

Հենց այդ պատճառով էլ ավելի հեշտ է կանխել դրա առաջացումը, քան թե հետո փորձել ազատվել դրանից: Սակայն պետք չէ հուսահատվել: Եթե այն արդեն կա, այն զգայուն է մարմնամարզության, շարժողականության և սննդակարգի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ պետք է շատ շարժվել և ճիշտ սնվել:

168.am

(Visited 502 times, 1 visits today)