Այդքանը որ հասկանում էիք՝ ինչո՞ւ էիք լափում, չգիտեի՞ք, որ վաղ թե ուշ պատժվելու եք

Այն, ինչ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ, Հայաստանում այսօր տեղի ունեցող «ներքաղաքական» իրադարձությունների ճշգրիտ արտացոլումն է:

Բանն այն է, որ ԱԱԾ-ն նրա նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրել, ըստ որի՝ այդ մարդը ԼՂՀ վեց շրջանների վարչակազմերին իբր մոտ 150 միլիոն դրամի գույք է մատակարարել, բայց իրականում այդ գումարները պարզապես յուրացրել է: Արա Վարդանյանն էլ հայտարարություն է տարածել, թե իշխանություններն իր դեմ ռեպրեսիայի մեքենա են գործի դրել, այս ամենի նպատակը մեր հայրենիքը ոչնչացնելն է, բայց դա նրանց չի հաջողվի, միեւնույն է՝ բոլորը պատժվելու են, եւ այլն:

Համաձայնվեք՝ ծանոթ պատկեր է: Փաստորեն ամբողջ աշխարհից հայերը փող են ուղարկում, ինչ-որ մեկն այդ փողով Արցախին օգնելու փոխարեն պարզապես յուրացնում է գումարը, իսկ երբ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրում (որը, հասկանալի է, դեռ պիտի ապացուցվի դատարանում), հայտարարում է, թե դրա նպատակը մեր հայրենիքը ոչնչացնելն է:

Ճիշտ այդպես են վարվում նաեւ բոլոր նրանք, ովքեր նախկին իշխանությունների օրոք տիրապետել են ինչ-ինչ լծակների (պարզ ասած՝ գտնվել են կերակրատաշտի մերձակայքում), եւ դրանից օգտվելով՝ թալանել են ինչքան կարողացել են: Հիմա, պարզվում է, նրանք բոլորը «ռեպրեսիաների զոհեր» են՝ եւ՛ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից փախած եղբայրներն ու տարբեր «Գոնսալեսները», եւ՛ Մոսկվայում ապաստանած Միհրան Պողոսյանը, եւ՛ ինչ-որ տեղ Հոլանդիայի կողմերում քաղաքական ապաստան փնտրող Գագիկ Բեգլարյանը (երեւի քաղաքական ապաստան է հայցում՝ նկատի ունի Հյուսիս-հարավ մայրուղու քաղաքական նշանակությունը)…

Ամենամեծ զավեշտն այն է, որ սրանք իրենք իրենց նույնացնում են հայրենիքի հետ, որովհետեւ իրենց տեսակի դեմ պայքարը համարում են պայքար հայրենիքի դեմ: Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմի հերոսի խոսքերը. «որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետությո՞ւն ես»: Բայց սրանք պետության հացը չեն կերել, սրանք պետությունն են կերել: Ու հիմա դեռ հոխորտում են՝ «վաղ թե ուշ բոլորդ պատժվելու եք»: Այդքանը որ հասկանում էիք՝ ինչո՞ւ էիք լափում, չգիտեի՞ք, որ վաղ թե ուշ պատժվելու եք:

Իրականում բախտներս բերել է, որ ջեբկիրները սեփական լրատվամիջոցներ չունեն, այլապես բռնվելուց հետո իրենց լրատվամիջոցներով կհայտարարեին, թե իրենց նկատմամբ քաղաքական ռեպրեսիաներ են իրականացվում, եւ այդ ամենի նպատակը մեր ազգային ավանդույթներն ու դրանով իսկ՝ պետականությունը ոչնչացնելն է: Չէ՞ որ մեծ հաշվով՝ տարբերություն չկա. ջեբկիրները մարդկանց գրպաններից դրամապանակ թռցնելու հնարավորություն ունեն՝ դա են անում, պաշտոնյաները պետության գրպանը մտնելու հնարավորություն ունեին՝ պետության գրպանն էին մտնում: Ու երկու դեպքում էլ հետագա քայլերը մոտավորապես նույնն են. պարզապես մեկը մտնում է մոտակա «քյաբաբնոց» կամ «Վիվարո», մյուսը՝ Լաս-Վեգաս կամ Բադեն-Բադեն:

Բայց մարդկային որակների առումով որոշակի տարբերություն այնուամենայնիվ կա: Ջեբկիրները բռնվելուց հետո գոնե չեն աղմկում, գլուխները կախում են ու սուսուփուս ենթարկվում ճակատագրին: Իսկ սրանք, պարզվում է, ինչ անում էին՝ հայրենիքի համար էին անում, ու բանտում էլ շարունակելու են պայքարել:

Իսկ մեծ հաշվով՝ դժբախտություն է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը զբաղեցրել ու քաղաքական հավակնություններ են դրսեւորում սովորական ջեբկիրները՝ գողոնը պաշտպանելու իրենց ջանքերը ներկայացնելով որպես պայքար հանուն հայրենիքի ու պետության ապագայի: Մինչդեռ իրական ընդդիմությունը քաղաքական լուրջ մրցակցություն կապահովեր եւ կնպաստեր պետության ու հասարակության զարգացմանը:

armtimes.com

(Visited 143 times, 1 visits today)