Եթե Հունանյանը խոսելու հնարավորություն ունենա, շատ բան կարող է խառնվել. Ռ. Թեյմուրազյան

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու խնդրանքով, որի հնարավորությունը նրան տվել է անձամբ Ռ.Քոչարյանը։

Հիշեցնեմ, որ 2003֊ին «Արդարություն» դաշինքը ներկայացրել էր «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության համար դատապարտված անձանց վաղաժամ ազատման հնարավորություն չտալ։

Օրինագիծը գրվել էր հենց Հոկտեմբերի 27֊ի սպասվող դատավճիռն աչքի առաջ ունենալով։ Նոյեմբերի 5֊ին ԱԺ֊ն ընդունեց օրենքը, ինչից հետո Ռ.Քոչարյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ նախագահի պաշտոնը, այն ստորագրելու համար Սահմանադրությամբ ուներ երեք շաբաթ ժամանակ։

Ստորագրությունից հետո օրենքը պետք է պաշտոնական տեղեկագրում հրապարակվեր, որից 10 օր հետո մտներ ուժի մեջ։ Բայց շատ էական էր, թե հատկապես ե՛րբ է Ռ.Քոչարյանը ստորագրելու ԱԺ ընդունած օրենքը։ Կարող էր ստորագրել անմիջապես, կարող էր սպասել մի 20 օր։

Էական հանգամանք էր այն, որ սպասվում էր Հոկտեմբերի 27֊ի վճիռը, և եթե Ռ.Քոչարյանն օրենքը շուտ էր ստորագրում, դատավճռի հրապարակման պահին այն ուժի մեջ էր լինում, և Հունանյանն ու իր խումբը 20 տարի հետո պատժի կրումից ազատվելու հնարավորություն չէին ստանում։

Ռ.Քոչարյանը սպասեց։ Սպասեց 21 օր. առավելագույն հնարավոր ժամկետը։ Երբ հայտնի դարձավ, որ դատավճռիը հրապարակվելու է դեկտեմբերի 2֊ին, Քոչարյանը նոյեմբերի 26֊ին ստորագրեց օրենքը, ինչը նշանակում էր, որ այն ուժի մեջ է մտնելու դատավճռի հրապարակումից հետո, ուստի չի կարող տարածվել Հունանյանի և իր խմբի վրա։

Պարզ է, որ այս իշխանության պարագայում Ն.Հունանյանի ազատ արձակումը բացառվում է։ Չգիտեմ, թե ինչ պրոցես է նախատեսվում վաղաժամկետ ազատ արձակելու հարցը քննելիս։ Եթե Հունանյանը խոսելու հնարավորություն ունենա, շատ բան կարող է խառնվել։

(Visited 87 times, 1 visits today)