Սրա մասին ընդհանրապես ձայն չեն հանում. դա էլ հո իր օրոք է եղել, իր ստորագրությունն է դրել

Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունը, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս հանելու նախաձեռնությունը Հայաստանի նախագահներից մեկին է պատկանում, բավական մեծ արձագանք գտավ:

Քոչարյանական լրատվամիջոցները շտապեցին հայտարարել, որ Լավրովը նկատի ուներ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Դե, ուրիշ բան չէին կարող ասել: Եթե որևէ վատ բան է եղել մեր պատմության մեջ, ուրեմն՝ մեղավորը Տեր-Պետրոսյանն է: Նույնիսկ Վիտալի Բալասանյանը, որը մի քանի տարի առաջ հպարտությամբ տարածում էր Տեր-Պետրոսյանի հետ համատեղ լուսանկարը, հիմա հանկարծ որոշել է, որ մարտի 1-ի կազմակերպիչն էլ է Առաջին նախագահը:

Նույնիսկ իմաստ չունի քոչարյանական քարոզչամեքենայի մանիպուլյացիաներին անդրադառնալ: Եթե Քոչարյանն ասեր, որ մածունը սև է, հազար ու մի փաստարկ կբերեին, որ իսկապես սև է, իսկ սպիտակեցնողը Տեր-Պետրոսյանն է:

Բայց այդ նույն Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որ Ղարաբաղի հարցով որևէ ելույթ էին ունենում իրենց պաշտոնավարման տարիներին, անպայման հղում էին անում 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովին, որտեղ առաջին անգամ Արցախը ճանաչվեց հակամարտության կողմ:

Ոչ Քոչարյան կար այն ժամանակ Բուդապեշտում, ոչ՝ Սերժ Սարգսյան, բայց թողնես, կասեն՝ դե, ինքն իրեն է բանակցային կողմ դարձել, կամ էլ՝ Եվրոպան ու Ռուսաստանը շատ բարի էին, հայերին շատ էին սիրում, դրա համար այդպիսի բանաձևեր էին ընդունվել:

1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ արվեց վերահաստատել Ադրբեջանի ԱՀ տարածքային ամբողջականությունը և Արցախի համար նախատեսում էր ամենաբարձր կարգավիճակ:
Գիտեք, որ Տեր-Պետրոսյանը վետո դրեց այդ բանաձևի վրա, ինչը հարուցեց արևմտյան գերտերությունների անթաքույց զայրույթը: Չլսված բան էր, աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարները հավաքվում են, փաստաթղթեր են քննարկում, մշակում, ու հանկարծ մի հատ փոքրիկ Հայաստանի պատճառով չեղարկվում է:

Իսկ ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանը՝ 1998թ. հեղաշրջումից հետո: Բանակցություններում սկսեց ներկայացնել թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը: Ավելին, 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլյան Գագաթնաժողովում Քոչարյանը ստորագրեց հռչակագիրը, որով հակամարտությունների կարգավորման հիմքում գերադասելի ճանաչվեց տարածքային ամբողջականության սկզբունքը: Սրա մասին ընդհանրապես ձայն չեն հանում:

Դա էլ հո իր օրոք է եղել, իր ստորագրությունն է դրել: Դրանից հետո Արցախը և բանակցային գործընթացը դարձան անհամատեղելի: Տեր-Պետրոսյանը նման իրավիճակում վետո դրեց, Քոչարյանը՝ ոչ: Բայց Տեր-Պետրոսյանին դավաճան են որակում, Քոչարյանին՝ հերոս:

Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երբեք դա էլ չեն բացատրում, թե ինչու էին Տեր-Պետրոսյանի օրոք Մինսկի Խմբի համանախագահները կարգավորման հերթական փաթեթը ներկայացնում երեք տեղ՝ Երևան, Բաքու և Ստեփանակերտ, իսկ Քոչարյանի օրոք՝ Երևան և Բաքու:

Ո՞ր մեկը ասենք: ԵԱՀԿ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը իր հուշերում, բազմաթիվ հոդվածներում, հարցազրույցներում պատմել է, թե ինչպես է Քոչարյանը բանակցային գործընթացից դուրս թողել Արցախը: Նա էլ հաստատ սորոսական չէ, որ անուն կպցնեն:

Իսկ վերջում՝ տեսանյութը դիտեք. Քոչարյանը պարզաբանում է, թե ինչու Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից:

4rd.am

(Visited 304 times, 1 visits today)