Ռեգինա Ղազարյան-ՄԱՐԴՈՒ եղունգի հետ չէի փոխի «ազգի կործանման» դեմ պայքարող էս բութ «շկաֆներին». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռեգինա Ղազարյանը 20-21 տարեկան էր այն տարիներին, երբ Եղիշե Չարենցին բանտում խոշտանգում էին «հայուգենականները»։

Չարենցը հազարավորների սիրելի պոետն էր, բայց նա բանտից կնոջը գրած նամակում խնդրել էր, որ հենց Ռեգինան թաքցնի իր անտիպ գործերը։

Հազարավորների նման բանտում սպանվելու սարսափից Ռեգինան կարող էր հրաժարվել Չարենցի խնդրանքը կատարելուց, ու ոչ ոք իրավունք չէր ունենա նրան դատապարտելու։ Բայց Չարենցը գիտեր՝ ում կարող է վստահել։

Չմոռանանք, որ Չարենցին բանտարկելուց հետո միայն Ավետիք Իսահակյանն էր համարձակվել այցելել նրա ընտանիքին։ Ընդամենը մեկ անգամ։
20-21 տարեկան Ռեգինան թաքցրել էր Չարենցի ձեռագրերը, եւ մենք այսօր այդ հերոս կնոջն ենք պարտական Չարենցի անտիպների փրկության համար։

Հերոսը Ռեգինա Ղազարյանն է։ Իսկ հերոս Ռեգինան ծխում էր, տղամարդու կոշտ ձայն ուներ ու վերին շրթունքից ավելի վերեւ՝ սեւ մազածածկույթ։

Չարենցի տուն-թանգարանում մի միջոցառումից հետո Ռեգինա Ղազարյանը մի քանի հոգուս հրավիրեց իր տուն։ Մեզ դիմավորեց տիկնիկի պես գեղեցիկ մի կին։
Ռեգինան ծանոթացրեց ինձ այդ կնոջ հետ ու ասաց՝ двоюродная сестра:

Ես շատ սիրալիր ժպտացի։ Չգիտեմ, գուցե չափից ավելի սիրալիր էի, եւ նա այս անգամ էլ ասաց՝ троюродная сестра…

Շատ վատ զգացի ինձ։ Հիմա էլ եմ մտածում, որ չափից ավելի սիրալիր ժպիտս Ռեգինային թաքնված հեգնանք թվաց։ Որովհետեւ ես էլ գիտեի, բոլորն էլ գիտեին, որ Ռեգինան եւ այդ գեղեցիկ կինն ապրում են ամուսինների պես։

Ու մեկ էլ հասկացա, թե այս ուժեղ կինը երկրորդ անգամ «троюродная сестра» ասելով՝ ինչ երեխայական միամտությամբ է փորձում իր սուտը մեղմացնել եւ ինչ անօգնական ու խոցելի է, երբ բանը հասնում է իր անձնական կյանքին։

Հետո, իհարկե, լարվածությունն անցավ, շատ սիրուն երեկո էր, երկար զրուցեցինք Չարենցի մասին։ Չգիտեմ, լավ էր, թե վատ, բայց մարդիկ Ռեգինա Ղազարյանի հետ միայն Չարենցի մասին էին խոսում։

…Ու հիմա մտածում եմ՝ ինչ լավ է, որ նկարիչ Ռեգինա Ղազարյանը մահացել է 1985 թվականին եւ չի տեսնում ու չի լսում էս «հայուգենական» ոռնոցները։
Ու նաեւ մտածում եմ՝ Ռեգինա Ղազարյան-ՄԱՐԴՈՒ եղունգի հետ չէի փոխի «ազգի կործանման» դեմ պայքարող էս բութ «շկաֆներին»։

(Visited 213 times, 1 visits today)