Անկողնային քաղաքականությունն» իր ողջ էությամբ յուրաքանչյուրի անձնական կյանքին ապօրինի միջամտություն է. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ազգային մակարդակում անկողնում ում հետ և ինչպես քնելու հարցը քաղաքական բանավեճի թեմա համարողը, դարձնողը հանդիսանում է այսպես կոչված «անկողնային քաղաքականության» ներկայացուցիչը։

Ինչու «այսպես կոչված», քանի որ յուրաքանչյուրի անկողինը խիստ անձնական տարածք է, յուրաքանչյուրի անկողնում տեղի ունեցողը խիստ անձնական բնույթ ունի և յուրաքանչյուրի անկողինը երբեք զանգվածային կամ հասարակական հարաբերությունների կամ հասարակական օգտագործման, դրսևորման տարածք չի եղել և չի կարող համարվել քաղաքական կարգավորման առարկա կամ թեմա։

«Անկողնային քաղաքականությունն» իր ողջ էությամբ յուրաքանչյուրի անձնական կյանքին ապօրինի միջամտություն է, իրավական չէ և չի կարող անհրաժեշտ լինել ժողովրդավարական պետությունում։

Անկողնու մեջ քիթը խոթելու քաղաքականությունը նպատակ ունի սահմանել յուրաքանչյուրի անձնական կյանքի նկատմամբ տոտալ հսկողության, որը կարող է լինել միմիայն տոտալիտար, բռնապետական կառավարման համակարգում։

Հա, ի դեպ, թե առաջին գիշերվա իրավունքը, թե կարմիր խնձոր ասածը, կամ կարմրած սավանի վկայությունը կամ ցուցադրումը և այլ նմանատիպ դրսևորումները անձնական կյանքի կոպիտ և գռեհիկ միջամտությունների օրինակներ են, որոնք որպես սովորույթ իրենց ողջ էությամբ տոտալիտար են։

(Visited 67 times, 1 visits today)