Ով է «փախցրել» դատավոր Սամվել Ուզունյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Դեկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարի որոշմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, ասել է Դատախազության խոսնակը:

Սամվել Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Հետաքրքիր է, որ երեկ ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ Զվարթնոց օդանավակայանում Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ հայտնաբերվել է փամփուշտ: Սակայն չէր մանրամասնվել, թե որտեղ է գտնվում Ուզունյանը: Ըստ մամուլում տարած տեղեկությունների` Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա Երևան-Մոսկվա չվերթով:

Նա թողել է ուղեբեռն ու մեկնե՞լ: Թե փամփուշտը հայտնաբերվել է մինչեւ մեկնումը: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրան թույլ տվել մեկնել, առանց հանգամանքները պարզելու:

Այսպիսով, Սամվել Ուզունյանը «համալրեց» այն նախկին պաշտոնյաների ու օդիոզների շարքերը, որոնք լքել են Հայաստանը քրեական գործերի ու մեղադրանքի պայմաններում: Ընդ որում, որպես կանոն՝ նրանք հեռանում են Ռուսաստան, որտեղ հուսալի ապաստան են ստանում: Մասնավորապես, մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվող առանցքային դեմքեր՝ Վահագն Հարությունյանը, Գեւորգ Կոստանյանը, Միքայել Հարությունյանը:

Ոչ պակաս աղմկոտ ստացվեց ԴԱՀԿ նախկին տնօրեն Միհրան Պողոսյանի հեռանալը Հայաստանից:

Մյուս կողմից, Սամվել Ուզունյանի պարագայում կա մեկ այլ հանգամանք՝ նա հոկտեմբերի 27-ի գործով դատավորն էր: Հատկանշական է, որ վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են այդ գործը վերաբացելու կոչերը: Արդյոք Ուզունյանը տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որը կարող է շոշափել առնվազն նախկին համակարգի տնտեսա-քաղաքական տարբեր խմբավորումների շահերը:

lragir.am

(Visited 274 times, 1 visits today)