Այդ կոդը պետք է կոտրվի. Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան կոշտ գրառումը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2013թ․ մայիսին սպանված շարքային Լյուքս Ստեփանյանի հարազատները, ի նշան բողոքի, որոշել էին իրենց որդու դին տեղափոխել Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և սպառիչ պարզաբանում ստանալ, թե ինչ է իրականում կատարվել: Նրանք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից ուղևորվել էին Երևան, սակայն իրավապահները Երևան-Սևան մայրուղում փակեցին վերջիններիս ճանապարհը՝ թույլ չտալով շարժվել առաջ: Իրավիճակը հանդարտվեց, երբ այն ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տղամարդու խոսք տվեցին, թե բոլոր մեղավորները խստագույնս կպատժվեն։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով բերում են Երևան: Կրկին ոստիկանները փակել էին Արմավիր-Երեւան մայրուղին և թույլ չէին տալիս հարազատներին գալ Երևան: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջանքերով հնարավոր եղավ հանդարտեցնել իրավիճակը։

Իսկ մինչ այդ․․․

Հունվարի 30-ին Հայաստանի ՔԿ-ն տարածեց հետևյալ հաղորդագրությունը․ «2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»: Սա սույն դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունից մի հատված է։

Սպանված զինվորի հարազատների այսօրվա ընդվզումից հետո նույն Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը լրիվ այլ բանի մասին է․ «2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի

Ավետիսյանը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»:Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ բանակում բույն դրած հանցավորության և այդ քրեական ենթամշակույթը պաշտպանող բարձրագույն զինվորականության մասին։

Այսօրվա իրադարձությունները բավական են հասկանալու համար, որ հայկական բանակում ներկայումս ուղղակիորեն պատերազմ է ընթանում զինծառայողների և առաջին հայացքից աներևույթ մի տականքի հետ: Իրականում, սակայն, այդ տականքը առաջին հայացքից է աներևույթ, և ունի բավական հստակ ու կոնկրետ անուններ, որ կրում են կոնկրետ հանցագործությունների մեղավորները: Սակայն այդ հանցագործություններն ու դրանց մեղավորները չեն բացահայտվում տարիներով, ինչի արդյունքն էլ լինում է մահերի և ողբերգական պատահարների շարունակական ընթացքը:

Զարմանալ կարելի է, թե ինչպես կարող է այդպիսի պայմաններում մինչև այժմ տեղի չունենալ կադրային տոտալ ջարդ բանակի հրամկազմում: Առկա իրավիճակը մեկ անձի կամ առանձին անձերի դաժանության, անկրթության հետևանք չէ, այլ բանակում հրամկազմի կանոնադրական աշխատանքի բացակայության հետևանք:

Բանակում առկա մթնոլորտը այլ կերպ հնարավոր չէ փոխել: Այդ մթնոլորտը հնարավոր է միայն ջարդել՝ ջարդելով այն կադրային կոդը, որը, ի դեմս հանցագործ զինվորականության, առկա է Հայաստանի բանակի զարգացման դարպասների վրա: Այդ կոդը պետք է կոտրվի, որպեսզի բանակը սկսի աշխատել որպես նորմալ կենսագործունեություն վարող կարևորագույն օրգանիզմ, որը նպաստում է հասարակական-պետական առողջացմանը: Հակառակ պարագայում, գեներալիտետով «կոդ ընկած» բանակը շարունակելու է իրար հետևից գցել հայ երիտասարդներին, հայոց պետականությանը»:

(Visited 393 times, 1 visits today)