Հայտարարություն Արցախից. Մանրամասներ

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը, լինելով Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նկատմամբ վերկուսակցական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժ, նախաձեռնել է վերջին տասնօրյակում հանրային մեծ հնչեղություն ստացած հացադուլի ու վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ քննարկում:

Քննարկմանը մասնակցել են
«Անկախության սերունդ կուսակցություն» ,
«Ազգային Վերածնունդ կուսակցություն»,
«Միացյալ Հայաստան»,
«Մեր տունը Հայաստանն է»,
«Վստահություն» կուսակցությունների,
«Միացյալ Հայաստան» ՀԿ,
«Վեկտոր» ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև
քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը,
հասարակական գործիչներ Հասմիկ Առուշանյանը,
Համլետ Գրիգորյանը, երիտասարդ ակտիվիստ Իգոր Բեցկովն ու Շուշանիկ Հայրիյանը, arcakh24.info-ի ներկայացուցիչ, խմբագիր Մարատ Եգանյանը, ովքեր քննարկման արդյունքում հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Խորապես մտահոգված լինելով արցախցի երկու հացադուլավոր քաղաքացիների` Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանի և Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանի առողջական վիճակով և գիտակցելով, որ նրանք իրենց վրա են վերցրել բոլորիս անհանգստացնող բնապահպանական լրջագույն խնդիրների լուծումը` մենք` ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս համատեղ հայտարարությամբ և կոչ ենք անում.

1. Արցախի իշխանություններին` ի դեմս Բակո Սահակյանի, սթափ գնահատել իրավիճակը և ժամ առաջ խելամիտ ջանքեր գործադրել անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Հաշվի առնելով հանրության լայն շրջանակներում առկա անվստահությունն Արցախի ներկայիս կառավարության գործունեության նկատմամբ` առաջին քայլով պահանջում ենք իրապես անկախ փորձագիտական հանձնաժողովի ձևավորում` բնապահպանության ոլորտի հայաստանյան հեղինակավոր մասնագետների ընդգրկմամբ:

2. Միաժամանակ կոչ ենք անում Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ իշխանությանը չանտեսել խնդիրը և գործուն մասնակցություն ունենալ իրավիճակի արդյունավետ հանգուցալուծման հարցում հնարավորինս սեղմ ժամկետներում:
3. Խորապես երախտապարտ լինելով երկու հացադուլավորներին քաղաքացիական խիզախություն և կամք դրսևորելու համար, վստահեցնում ենք, որ բարձրացված խնդիրը գտնվում է հանրային օրակարգում, ուստի եղբայրաբար խնդրում ենք դադարեցնել հացադուլը:

Ձեր ֆիզիկական ներկայությունն ինքնին համազգային խնդիրների լուծման հարցում չափազանց կարևոր է:
4. Հաշվի առնելով անկախ փորձագետների բացակայությունն Արցախում` կոչ ենք անում հայաստանյան բնապահպանական ոլորտի հեղինակավոր և անկողմնակալ մասնագետներին անտարբեր չլինել ստեղծված իրավիճակում, շահագրգիռ մասնակցություն ունենալ հանձնաժողովի աշխատանքներում և փորձագիտական եզրակացության ձևավորման գործում:

Մեր հերթին պարտավորվում ենք շարունակել երկու քաղաքացիների սկսած արդար պայքարը և սկզբունքորեն հետամուտ լինել հնչեցված պահանջների կատարմանը: Հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք կիրառել օրինական պայքարի հնարավոր բոլոր միջոցները նպատակին հասնելու համար` ընդհուպ մինչև խմբային հացադուլ:
Հ.Գ. այսօր հունվարի 21-ին հայտարարված հացադուլի 13-րդ օրն է, և ամեն ժամ հղի է անդառնալի հետևանքներով: Կոչ ենք անում ժամ առաջ խնդրին լուծում տալ:

Կոչին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

(Visited 237 times, 1 visits today)