Ամենայն հայոց թալանչիները տագնապած են

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը գրել է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի գործունեության առթիվ հարուցված քրեական գործի կարևորագույն վկան՝ նախկին նոտար Ալվարդ Մելքոնյանը, հասարակության շրջանում հայտնի է «Ամենայն հայոց թալանչի» նոտար» մականվամբ:

«ՉԻ». Ամեն ինչ պարզ է: Ռ. Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները չեն խորշում մարտի 1-ի սպանդի համար մեղադրել մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին, ապա բնական է, որ ազնվագույն Հրայր Թովմասյանի դեմ միայն ահավոր կոռումպացված մարդը պիտի ցուցմունք տար:

Մենք մի քանի ծանոթ նոտարի հարցրեցինք՝ ճանաչում են արդյոք Ալվարդ Մելքոնյանին և ծանոթ են արդյոք նրա գործունեությանը: Մի հոգի աղոտ հիշեց, մնացածներն ընդհանրապես չէին ճանաչում, նման մականունով նոտարի մասին լսած չկային:

Այսինքն, մենք կարող էինք նաև նոտարներին չհարցնել, եթե իսկապես նման մականունով նոտար լիներ, ապա հաստատ կիմանայինք, քանի որ այդ ոլորտի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, բազմաթիվ նոտարների մասին նյութեր են գրվել:

Օրինակ, բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Քոչարյանի մականունը «Կոբրա» է եղել, Երվանդ Զախարյանինը՝ «Մազութի Երվանդ», Գագիկ Բեգլարյանինը՝ «Չորնի Գագո», ունեցել են «Տամոժնու Գագո», «Թոխմախի Մհեր», «Ձյունանուշ», Սերժ Սարգսյանի մականվան մասին համեստորեն լռում ենք, բայց ահա «Ամենայն հայոց թալանչի» մականունով Ալվարդ Մելքոնյան չենք լսել, կարդացել: Մեկ-մեկ այդպես ասում էին Քոչարյանին, ավելի քիչ՝ Սերժ Սարգսյանին, մի քիչ ավելի քիչ՝ Հովիկ Աբրահամյանին:

Պատկերացնում ենք, Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տվողը տաքսու վարորդ լիներ, կգրեին, որ նրան բոլորը ճանաչում են որպես «Ամենայն հայոց սդաչի չտվող» մականունով:

4rd.am

(Visited 943 times, 1 visits today)