Հայկազ Բաղմանյանը ինչո՞վ էր մյուս կռված տղաներից առավել, որ նրանք սոված են, իսկ ինքն ամեն ինչ ունի․ Ագո

Մեզ ազգային գաղափարախոսություն է պետք, որովհետև, հիմա բանակ գնացող երիտասարդներից շատերը չգիտեն՝ իրենց ոնց պահեն նախ տանը, դպրոցում, բակում, հետո նաև բանակում։ Մարդիկ չգիտեն տղաներին ինչպես պետք է դաստիարակեն, սա մի օր մեզ ավելի վատ վիճակի է բերելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի 1-ին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)։ Նա ընդգծեց, որ բանակը փակ համակարգ է, իրականում այսօր շատ կարճ ժամանակում կարելի է այդ վիճակը վերացնել ու հարցը լուծել, բայց հեռանկարում, եթե մարդիկ չիմանան ինչպես տղային դաստիարակեն, ինչ բարոյական նորմերով՝ վիճակն ավելի վատ է լինելու

«Էդ քրեական էլեմենտների հարցերը շատ հեշտ-հանգիստ կարելի է լուծել, կարելի է կարգ ու կանոն մտցնել ու ամեն ինչ կլուծվի, պետք է չնայել, թե ով է, ինչ է, ում տղաներն են, այդ ամենը կարգապահությունը պետք է վերաբերվի բոլորին՝ սպաներին, գեներալներին, զինվորներին։ Բանակում առհասարակ սպաներին շատ են նեղում, էսօրվա սլենգով ասած՝ շատ են «չմարիտ արել» սպաներին։ Սպան պետք է սպա լինի, հասկանո՞ւմ եք։ Հիմա սպաներին էնպիսի իրավիճակի մեջ են գցում, որ սպան անզոր է որևէ բան անել, արդյունքում սպան

այսօր ոչ թե ծառայում է, այլ աշխատում է բանակում, աշխատում է այնպես, որ իր վրա ոչ մի բան չգրեն, ոչ մի խնդիր չունենա, պատասխանատվության չենթարկեն։ Ես զորամասի հրամանատար եմ եղել, ու այդ հարցը մի օրում եմ լուծել, չեմ ասում 1-2 ամսում, ասում եմ՝ 1 օրում։ Բոլորին մի աչքով եմ նայել, նայել եմ, որպես իմ տղաներին, նրանք այն մարդիկ են, որ ինձ հետ կռիվ են գնալու, որ իմ կյանքը նրանցից է կախված, իսկ նրանցը՝ ինձնից։ Պարզ տրամաբանություն է։ Այսինքն պետք է սիրտդ ցավա»,-ասաց նա։

Անդրադառնալով, բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից ազատմանը՝ Կարապետյանն ասաց, որ նման ազատումներով մեծ հաշվով ոչինչ չի փոխվի։

«Բարոյական ուղենիշները պետք է այնպիսի մարդիկ լինեն, որ զինվորը չկասկածի, որ էդ անձն իրեն կծախի։ Բանակում ամեն ինչ ավելի զգայուն է, այնտեղ շատ կոնկրետ վտանգի առաջ են, բոլորը տղաներ են, բոլորը մաքսիմալիստ են ու բոլորի ձեռքին զենք կա։ Հիմա եթե նրանց ուղենիշ լինի մարդը, որ առանձնապես վաստակ չունի ազգի առաջ, բայց միանգամից հաստացել է, դարձել է բարձրաստիճան պաշտոնյա, էս ամենն էլ ազդում է զինվորի հոգեբանության վրա։ Հիմա տարրական հարց տամ, Հայկազ Բաղմանյանը ինչով էր մյուս կռված

տղաներից առավել։ Ես ճանաչում եմ նրան, սովորական կռվել է էլի, ոնց որ 1000-ավոր մարդիկ, հիմա էդ 1000-ավորները սոված են, իսկ ինքը տուն էլ է սարքել ամեն ինչ էլ ունի, աչքս դրա վրա չի, ես ուրիշի փողերը չեմ հաշվում, բայց էն մարդիկ, որ իր պես կռվել են՝ սոված են չէ՞, նա մնացածից խելացի չէր ու ավելի շատ վաստակ չուներ պատերազմում, որ միանգամից հաստացավ ու զանազան պաշտոններ ստացավ։ Սա

է խնդիրը՝ վատ ու լավ հեղինակության մասին եմ խոսում։ Մարդը ծառայել է իշխանությա՞նը, թե՞ ազգին։ Ծառայել է իշխանությանը՝ առաջ է գնացել, իսկ ովքեր ժողովրդին էին ծառայում, էսօր սոված են։ Ասածս այն է, որ կարևոր է, թե ումից են օրինակ վերցնում։ Զինվորն ամեն ինչ գիտի, ոչ միայն անմիջական վերադասի՝ սպայի, այլև բարձրաստճան պաշտոնյայի մասին»,-ասաց հրամանատարը։

(Visited 2 909 times, 1 visits today)