Ծանր հարված Քոչարյանին՝ թիկունքից

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն են ներկայացնելու Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի

Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Այս տեղեկատվությունը տարածել է երկրորդ նախագահի պաշտպանական թիմը՝ այն ներկայացնելով որպես ձեռքբերում, սակայն հենց առաջին հայացքից տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է ծնում, քան Քոչարյանին աջակցելու տպավորություն։

Ըստ ամենյանի՝ այս միջնորդությունը ներկայացվելու է դատական այսօրվա նիստում։ Համենայնդեպս, հաջակցություն Քոչարյանի հայտարարության տարածումը Մարտի 1-ի սպանդի հերթական տարելիցի նախօրեին խելամիտ ու հաշվարկված քայլ չէ։ Եթե նույնիսկ այդ երաշխավորության տակ ստորագրեին հանրության շրջանում բարձր վարկանիշ ու մեծ հեղինակություն ունեցող մարդիկ, Մարտի 1-ի

տարելիցից առաջ նման ժեստը, բնականաբար, միանգամայն հակառակ էֆեկտն է ունենալու՝ ավելի բորբոքելով հասարակությանը։ Այս իմաստով Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետներն ընդամենը «արջի ծառայություն» են մատուցել Քոչարյանին՝ ակամայից նպաստելով, որ Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի երթն ավելի բազմամարդ լինի։

Մյուս կողմից՝ երբ նայում ես ցուցակին, ավելի շատ հարց է առաջանում բացակաների, քան այն ստորագրողների մասին։ Օրինակ՝ ցուցակում չկա Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին վարչապետի՝ Արմեն Դարբինյանի անունը, որը հիմա Սլավոնական համալսարանի ռեկտորն է ու իր հայտարարություններով ավելի շատ սատարում է Նիկոլ Փաշինյանին, քան Քոչարյանին։ Ցուցակում

բացակայում է նաև Քոչարյանի նախագահության շրջանի վերջին վարչապետի՝ Սերժ Սարգսյանի անունը։ Իհարկե, ոմանք կպնդեն, որ Սարգսյանն այս պահին ոչ թե աջակցելու, այլ աջակցության կարիք ունի։ Գուցե դա այդպես է, սակայն ակնհայտ է նաև, որ երկու նախկին նախագահների զուգահեռ դատավարությունը նույնիսկ մրցակցություն է առաջացնելու Սարգսյանի ու Քոչարյանի միջև։

Գագիկ Հարությունյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցրել է 1991-1992թթ.-ին, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ զբաղեցրել է ՍԴ նախագահի պաշտոնը, սակայն փաստորեն չի միացել նախկին վարչապետների երաշխավորագրին։

Տիգրան Սարգսյանը վարչապետ դարձել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, սակայն Քոչարյանի պաշտոնավարման ողջ շրջանում զբաղեցրել է ԿԲ նախագահի պաշտոնը ու փաստորեն չի միացել երկրորդ նախագահի աջակիցներին։

Հովիկ Աբրահամյանը 1998 թվականին նշանակվել է Արարատի մարզպետ։ 2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Որպես նոր գերատեսչության ղեկավար՝ նա ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմում։ Նրան են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման

մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։ 2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ Սակայն այս ամենը չի խանգարել, որ Աբրահամյանը նույնպես չմիանա նախկին վարչապետներին, որոնք երաշխավորել են Քոչարյանի ազատության համար։

Սակայն վերադառնանք Քոչարյանի համար երաշխավորություն տված նախկին վարչապետներին ու նկատենք, որ անկախ անցած ճանապարհից՝ հիմա նրանց հավաքական վարկանիշը հազիվ թե գերազանցի մեկ տոկոսը։ Ըստ այդմ՝ նրանց միջնորդությունը թիկունքից ծանր հարված է Քոչարյանին։

(Visited 441 times, 1 visits today)