ԱԱԾ-ին հրահանգվել է անախորժություններ կազմակերպել՝ մեքենա այրել, խանութներ ջարդել. Հովհաննես Իգիթյան. Տեսանյութ

«2008 թվականի մարտի 1-ի մասին խոսելիս երեք հանգամանքի է պետք ուշադրություն դարձնել՝ պետական հեղաշրջում, երբ իշխող խումբն օգտագործում է պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը իր իշխանությունը հաստատելու համար, հենց դա է պետական հեղաշրջումը։ Երկրորդն այն է, որ մարդկանց դեմ մարտական զենք է կիրառվել, ինչի հետևանքով ունեցել ենք անմեղ զոհեր։ Եվ երրորդ հանգամանքն այն է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների ասպարեզում ունեցել ենք հետընթաց»,- Factor TV-ի հարվցազրույցում

 

ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ Ըստ նրա՝ 2008-ի իշխանությունից հեռացող Ռոբերտ Քոչարյանը և նախագահի պաշտոնն ստանձնող Սերժ Սարգսյանը փորձում էին իրադարձությունները մեկնաբանել իբրև մեկ անձի՝ ընտրություններում հաղթել-չհաղթելու գործընթաց․ «Փաստերով է ապացուցված, որ ընտրությունները կեղծված են։ Նախորդ իշխանության լկտիությունն այնպես անսահման էր, որ նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդների ներկայությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին

քվեաթերթիկները վերցվում, դրվում էին Սերժ Սարգսյանի օգտին։ Դա նշված է նաև դիտորդի զեկույցի մեջ»։ Հարցին՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը այսօր մեղադրյալի աթոռին են, նշանակո՞ւմ է արդյոք, որ Մարտի 1-ի բոլոր պատասխանատուներն են դատարանի առաջ կանգնած, Հովհաննես Իգիթյանը պատասխանում է․ «Շատ կարևոր է, որ Մարտի 1-ի էջը փակվի։ Դա նշանակում է, որ բոլոր նյուանսները, քաղաքական խորամանկություններն ու խարդախությունները պետք է

բացահայտվեն, դա նշանակում է, որ հանցավոր հրամաններ տվողներն ու իրականացնողները, ապացույցներ կեղծողները պետք է հայտնաբերվեն։ Կապ չունի՝ ով է նստելու, ով է քրեական գործով գնալու։ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը բանակն օգտագործել է ժողովրդի դեմ՝ սահմանից է բերվել, Ղարաբաղից զինված մարդիկ են բերվել՝ ժողովրդի դեմ օգտագործելու համար»։ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը շանս ունի պատմելու, թե Ռոբերտ Քոչարյանի մոտ հավաքի ժամանակ ինչ է քննարկվել, ասում է, որ արդեն

հաստատված է՝ ովքեր էին ներկա հավաքին․ «Քննարկվել է՝ ինչպես օգտագործել բանակը, հետո Դատախազությունն ինչպես պետք է քրեական գործ հարուցվեր, այդ ժամանակ ԱԱԾ-ին հրահանգ է տրվել, որ ԱԱԾ-ն նաև անախորժությունների կազմակերպիչը լինի՝ մեքենա այրել, խանութների ջարդը, և այլն, հիշո՞ւմ եք։ Մամուլում գոնե նշված էր, որ ԱԱԾ-ն իմացել է, տեղյակ է եղել, եթե ոչ՝ կազմակերպել։ Գործերի կոծկելը ընկնում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վրա, նրանք են շինծու գործերով հետապնդել մարդկանց ու բանտ նստեցրել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան

(Visited 1 173 times, 1 visits today)