Վերաբացվում է աշխատանքը, մանկապարտեզները՝ ոչ. Ի՞նչ պիտի անեն աշխատող մայրերը

Այս օրերին NEWS.am-ը ահազանգեր է ստանում աշխատող մայրերի կողմից, որոնք ունեն փոքր երեխաներ, եւ որոնց մտահոգում է աշխատատեղերի բացվելուն զուգահեռ մանկապարտեզների փակ լինելու հանգամանքը. աշխատող մայրերը, որոնք տանը երեխաներին խնամող չունեն հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առջև։
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի հետ։ Ի՞նչ լուծումներ է առաջարկում կառավարությունը։
«Աշխատանքային օրենսգրքով, որն ապրիլի 29–ին ընդունվեց ԱԺ–ի կողմի, կան կարգավորումներ, որ հենց վերաբերում են ձեր ասած

դեպքին։ Մասնավորապես, օրենսգրքով նախատեսել ենք, որ այն պատճառով, որ ծնողները մնում են տանը եւ խնամում են իրենց երեխաներին, որոնք մանկապարտեզի տարիքում են, կամ մինչեւ 12 տարեկան, այս դեպքերի համար մինչեւ 2 ժամ բացակայությունը աշխատանքի վայրից գործատուների կողմից համարվի հարգելի եւ վարձատրությունը կպահպանվի ամբողջությամբ, իսկ եթե 2 ժամ եւ ավելի է լինում բացակայությունը, այս դեպքում եւս բացակայությունը համարվի հարգելի գործատուի կողմից, խնդիրներ չառաջացնի աշխատողի համար, որովհետեւ պատճառը նշվում է, որ երեխային խնամելն է, որովհետեւ մանկապարտեզները եւ դպրոցները փակ են, բայց

վարձատրության հարցն արդեն նախատեսվում է առնվազն փաստացիով։ Եթե գործատու կլինի, որը կցանկանա ամբողջությամբ վարձատրել, այդպես կվարձատրի, եթե գործատու կլինի, որը կհամարի հարգելի, բայց վարձատրության մասով կցանկանա վարձատրել այնքան, որքան աշխատողը հաճախել է, կվարձատրի այդքան»,– ասաց Սարգսյանը։
Փաստորեն՝ կվարձատրվի հարկադրաբար տանը մնացող մայրը, թե ոչ, մնում է գործատուի խղճին ու հնարավորությանը։ Պարզ է, որ հաշվի առնելով հատկապես վերջին ամիսների պարապուրդի հետևանքով կրած ֆինանսական կորուստները, գործատուները հազիվ թե շահագրգռված լինեն վճարելու աշխատանքի չներկայացող մայրերին, ինչը խոցելի է դարձնում հասարակության մի մեծ շերտի։

«Ոչ մեկ չէր ցանկանա, որ նման իրավիճակ լիներ, դպրոցներն ու մանկապարտեզները փակ լինեին, բայց պետք է 2 կողմ էլ նայենք՝ եւ աշխատողի իրավունքները եւ գործատուի։ Դրա համար մենք վարձատրության մասով գործատուին ճկունություն ենք հաղորդել ընդունված օրենքով, որ ֆինանսական պարտավորություն չի ունենա։ Աշխատողի ֆիզիկական ներկայության մասով կարող է խնդիր առաջանալ, բայց նաեւ պետք է հասկանալ, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված է, որ աշխատողը չի ներկայանում աշխատանքի, այլ ոչ թե իր քմահաճույքով։ Աշխատողին ազատել, այդքան էլ տեղին չի լինի եւ այնպես չէ, որ այս ամենը երկար է տեւելու, բոլորս էլ հասկանում ենք, սա իրավիճակային լուծում է ընդամենը»,– ասաց Սարգսյանը։

Կան ծնողներ, որոնք անգամ 1 ժամով չեն կարողանա գնալ աշխատանքի եւ գործատուի կողմից վարձատրվելու հավանականությունը 0 է, արդյոք նրանց որեւէ աջակցություն կտրամադրվի՞՝ հարցին Սարգսյանը պատասխանեց։

«Ֆինանսավորումը պայմանավորված է այլ հանգամանքով՝ թե ինքը որ ոլորտում է աշխատում, եւ մի շարք ոլորտների համար, որոնք այս ընթացքում ճանաչվել են խոցելի, տուժած ոլորտներ, արդեն իսկ այդ աջակցությունը տրամադրվում է համապատասխան ծրագրի միջոցով։ Նույն այդ օրենքով, որն ընդունվել է ապրիլի 29–ին եւ շուտով ուժի մեջ կմտնի, նախատեսել ենք, որ եթե աշխատողն ունի չօգտագործված ամենամյա արձակուրդ եւ ցանկություն ունի օգտվել դրանից, գործատուն տրամադրելու է իրեն եւ այդ ֆինանսական բացն այդ

տարբերակով է լուծվելու, որովհետեւ ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի չափով գործատուն վճարում է։ Ամենամյա արձակուրդի համար հստակ կարգավորում կա՝ վճարվում է միջին աշխատավարձի չափով, իսկ միջին աշխատավարձը որոշվում է վերջին 12 ամիսների ստացած եկամուտը՝ բաժանած 12–ի։ Այսինքն՝ աշխատողը կստանա իր աշխատավարձի չափով աշխատավարձ, եթե, օրինակ, ամբողջական 20 աշխատանքային օրը վերցնի եւ լինի ամենամյա արձակուրդի մեջ։ Եթե աշխատողը վերջին 12 ամիսների ընթացքում ունենա նաեւ պարգեւատրումներ, իր միջին աշխատավարձն ավելի բարձր կստացվի, քան ամենամսյա աշխատավարձը»։

Հարցին, իսկ եթե այդ ծնողները գրանցված աշխատող չեն, նրանց համար ի՞նչ կարգավորումներ են գործում, Սարգսյանը պատասխանեց. «Աշխատանքային օրենսդրությունը տարածվում է միայն գրանցված աշխատողների վրա, հետեւաբար, եթե ինքը գրանցված աշխատող չէ, ինչպե՞ս են մինչեւ հիմա կարգավորել իրենց աշխատանքային հարաբերությունները՝ փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, որովհետեւ այսքան ժամանակ, որ աշխատել են, հիմքում պայմանագիր չի եղել, հետեւաբար մինչ այս էլ կարգավորված չի եղել իրենց հարաբերությունները, իրենք պետք է կարգավորեն այդ հարցը, քանի որ իրենք են ընտրել այդ մոդելը, իրենց ոչ մեկ չի ստիպել, ասեմ ավելին, մենք հնարավորինս իրազեկել ենք, հնարավորինս կարեւորել ենք պայմանագրով աշխատելու դերը։ Բոլոր ռիսկերը կրում են իրենք, եւ եթե կան որոշակի կարգավորումներ աշխատողների համար, իրենց վրա դա չի տարածվի»։

(Visited 257 times, 1 visits today)