Նախկինների մոտ իրարանցում է առաջացել, եթե ոչ՝ խուճապ. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ փոխտնօրեն նշանակվելուց հետո նախկինների մոտ իրարանցում է առաջացել, եթե ոչ՝ խուճապ:
Ուշագրավն այն է, որ նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչները, մինչ օրս նրանց սպասարկող լրատվամիջոցները, Արգիշտի Քյարամյանին որակավորում են որպես «Սերժի մնացորդ» և հենց այդ հիմքով էլ վարչապետի որոշումը փորձում են հանրությանը ներկայացնել որպես ոչ տրամաբանական:

Փաստացի, մինչ այդ վարչապետի «Սերժի մնացորդ» արտահայտությունից նեղված նախկիններն այս նշանակումից հետո հենց իրենք արձանագրեցին, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճիշտ էր և ՀՀ կառավարման համակարգում այդ երևույթը կա, հակառակ դեպքում նույն որակումը, թեկուզ և ամբողջովին անհիմն, չէին օգտագործի Արգիշտի Քյարամյանի նկատմամբ:
Սա այն դասական դեպքն է, որ կարելի է նախկիններին ասել՝ «վերջապես խոստովանեցիք, պարոնայք»:
Հիմա անդրադառնամ Արգիշտի Քյարամյանի բուն նշանակմանը:
ԱԱԾ-ը վարչապետին կից կառույց է, որը կոչված է ապահովելու երկրի անվտանգությունը: Վարչապետը երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է և պատասխանատուն:

Մեր դեպքում՝ ԱԱԾ-ն ոչ միայն պետք է ապահովի երկրի, այլ նաև՝ հեղափոխության անվտանգությունը, որին կողմ է եղել բնակչության 80 տոկոսից ավելին:
Հանրահայտ փաստ է, որ այսօր երկրի և հեղափոխության անվտանգությունը մեծամասամբ կախված է վարչապետից, և ժողովրդի պահանջն էլ նրանից է:
Այստեղից էլ բխում է, որ եթե մենք, Փաշինյանին հեղափոխության առաջնորդ համարելով, ընտրել ենք նաև որպես վարչապետ, դրանով իսկ նրա վրա դնելով նաև երկրի անվտանգության պատասխանատվությունը, վերջինս իրավունք ունի իր պարտականություններն իրականացնել իրեն և հեղափոխությանը հավատարիմ անձանցով:

Ընդունենք, որ աբսուրդ է, որ մենք որոշենք, թե ով է ավելի հավատարիմ վարչապետին և երկրին:
Դա կլինի նույնը, որ դիցուք՝ ուրիշները մեր փոխարեն որոշեն, թե ով է մեր ընկերը, ում վստահենք կամ չվստահենք:
Եթե նույնիսկ աբսուրդի տեսությամբ առաջնորդվելով՝ համարենք որ վարչապետը չի կարողանում ընտրել հեղափոխությանը և երկրին հավատարիմ մարդկանց, ապա դա նշանակում է, որ մենք առավել ևս չենք կարող ընտրել, քանի որ հենց մենք ենք ընտրել երկրի լավն ու վատը չհասկացող մարդուն վարչապետ:
Անձամբ ես համարում եմ, որ վարչապետի ընտրությունը Արգիշտի Քյարամյանի դեպքում իր դրական արդյունքը տվեց ընդամենը ժամեր անց, քանի որ նրա վրա առաջինը հարձակվեցին հենց իրական Սերժի մնացորդները:

Ի դեպ վերջիններս, օրինակ, երբեք չեն հարձակվում գլխավոր դատախազի վրա, նրան «Սերժի մնացորդ» չեն համարում, այն դեպքում, երբ այդ որակումն Արթուր Դավթյանի դեպքում առավել քան օբյեկտիվ կլիներ:
Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե ԱԱԾ համակարգը չի ընդունում Արգիշտի Քյարամյանին և շատերը պատրաստվում են հրաժարական տալ, ապա ասեմ հետևյալը:
ԱԱԾ այն աշխատակիցներն, ովքեր հոգով և սրտով հեղափոխության հետ են, նրանք չեն կարող չընդունել Արգիշտի Քյարամյանին, քանի որ վերջինս նշանակված է հենց հեղափոխական թիմից, հեղափոխության առաջնորդի կողմից և ԱԱԾ-ում իրականացնելու է վարչապետի ծրագրերը:

Դե իսկ այն ԱԱԾ աշխատակիցները, ովքեր դեմ են վարչապետի կողմից իրականացվող ծրագրերին, առավել քան տրամաբանական է, որ պետք է հեռանան, քանի որ մնալով համակարգում, ակամայից կսկսեն սաբոտաժի ենթարկել դրանք:
Ամփոփեմ ՝
Հաշվի առնելով իրական «Սերժի մնացորդների» խուճապը, կարելի է արձանագրել, որ նրանք Արգիշտի Քյարամյանի նշանակման մեջ վտանգ են տեսնում առաջին հերթին հենց իրենց համար:
Այստեղ կարելի է կրկին վերհիշել դասականներին:
«Ինչը վնաս է «Սերժի մնացորդներին», դա օգուտ է հայ ժողովրդին»:
Արգիշտի Քյարամյանին ցանկանանք բեղմնավոր աշխատանք՝ հանուն երկրի անվտանգության, հեղափոխության սկզբունքների և ի բարորություն հայ ժողովրդի»:

(Visited 688 times, 1 visits today)