Էս ի՞նչ եք անում, բա դրա ժամանա՞կն է. Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր, նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի խնդրանքով անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ-ի կողմից իրականացվող խուզարկությանը և դրան հաջորդող իրադարձություններին՝ նշեց, որ ցավով է հետևում տեղի ունեցողին.

«Ցավ եմ ապրում, քանի որ այն պարագայում, երբ շարքային քաղաքացին պրոբլեմների մեջ թաղված՝ սոցիալական պրոբլեմների, կորոնավիրուսային ու դրանից բխող պրոբլեմների, շատ մոտ ապագայում՝ շաբաթների կամ ամիսների հաշվարկով՝ ծայրահեղ ճգնաժամային խնդիրների, ունի պատասխանատվության ծավալն իրենց վրա վերցնող մարդկանց առավելագույն հոգատարության անհրաժեշտություն, քաղաքական դաշտում տեղի են ունենում այսպիսի բաներ:

Մի կողմ է պետք թողնել ամեն ինչ և հենց հիմա զբաղվել համավարակի, դրանից բխող խայտառակ ծանր սոցիալական ճգնաժամի ճիրաններում հայտնված ժողովրդի խնդիրներով»:

Տիգրան Ուրիխանյանը դիմեց իշխանությանը, մյուս քաղաքական խաղացողներին.

«Էս ի՞նչ եք անում, բա դրա ժամանա՞կն է:

Եվ կամ՝ եթե կա «Բարգավաճ Հայաստանի» կամ Գագիկ Ծառուկյանի շուրջ որևէ քրեաիրավական իրականություն, ապա ինչո՞ւ դրա մասին հիշվեց հիմա հենց. սա ամենակարևոր հարցն է, որը բոլորը տալու են իշխանությանը, կամ եթե իշխանությունը սրա հետ կապ չունի՝ իրավապահ համակարգին են այս հարցը տալու:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս պահին, նշանակում է՝ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում ժողովրդի թիկունքում իրականացնել հասարակության իրական օրակարգից չբխող քայլեր»:

Ի պատասխան հարցին, թե՝ ինչպե՞ս կգնահատեք ԱԱԾ-ի առջև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցների հանդեպ կիրառվող ոստիկանական գործողությունները՝ նա հիշեցրեց 2015թ. քաղաքական իրադարձությունները.

«Դուք հիմա հարցը տալիս եք մի մարդու, ով իրադարձությունների կիզակետում է եղել 2015թ.-ին, երբ քաղաքական գործողությունների, հանրահավաքների, հայտարարությունների օրակարգի և ժողովրդական պահանջների առաջադրման ժամանակ առերեսվում էր բերման ենթարկվողների, ձերբակալվողների խնդիրների հետ:

Այն, ինչ տեղի է ունենում, թողնում է դեժավյուի տպավորություն, հաջորդը՝ արդյո՞ք հետհեղափոխական Հայաստանում կարող են տեղի ունենալ հակաօրինական, հակաժողովրդական և հակատրամաբանական գործողություններ. երևի չեն կարող, չէ՞, իսկ եթե տեղի ունեցան, հետևաբար՝ դրա համար պատասխանատվություն է, չէ՞, լինելու: Եթե որևէ մեկը կասի, որ պատասխանատվությունը որևէ մեկին առհասարակ աշխարհում, երկրագնդի վրա, երկնքի տակ չի սպառնում, ապա ուզում եմ նորից հետ գնալ խոսքիս սկզբին՝ ընդամենը 5 տարի առաջ»:

Պատգամավորը վստահեցրեց՝ ուշի ուշով հետևելու է իրավապահ մարմնի ցանկացած գործողության իրավաչափությանը:

(Visited 2 771 times, 1 visits today)