Մխիթարյանը պատրաստվում է խզել «Արսենալի» հետ պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», պատրաստվում է խզել «Արսենալի հետ ունեցած պայմանագիրը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: 31-ամյա Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «զինագործներին», սակայն նա չի ցանկանում Լոնդոն վերադառնալ «Ռոմայի» հետ վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որը երեկ՝ հունիսի 30-ին, երկարաձգել է մինչեւ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի ավարտը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել «Արսենալի» հետ եւ համաձայնության հասել համագործակցությունը դադարեցնելու հարցում: Արդյունքում Մխիթարյանը հռոմեական թիմի հետ մշտական պայմանագիր կկնքի ազատ գործակալի կարգավիճակով, այսինքն՝ «Ռոման» նրան կստանա անվճար՝ չհաշված նույն Ռայոլային եւ Մխիթարյանին հասանելիք վճարները:

Վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին հայտնելու հետ մեկտեղ «Ռոման» նաեւ տեղեկացրել էր, որ հաջորդ՝ 2020-21 մրցաշրջանի հարցում նախնական համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ: Մխիթարյանը բազմիցս է ասել, որ ուզում է շարունակել հանդես գալ «գայլերի» կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նույնպես ընդգծել է՝ ուզում է, որ Մխիթարյանը մնա: 2 ակումբները տեւական ժամանակ չէին կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել տրանսֆերի շուրջ: «Արսենալն» ավելին էր

պահանջում, քան «Ռոման» պատրաստ էր վճարել: Հետո խսակցություններ եղան, որ «Ռոման» Մխիթարյանին ստանալու համար կարող է լոնդոնցիներին զիջել Ջաստին Կլյուվերտին, այսինքն՝ հոլանդացի հարձակվողին ձեռք բերելու համար «Արսենալը» պետք է Մխիթարյանին ու գումարած որոշակի գումար տար, սակայն նման գործարք, ըստ լրատվամիջոցների, արդեն չի կայանա:

Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-20 մրցաշրջանի սկզբում: Մասնակցել է 19 խաղի: Խփել է 6 գոլ ու արդյունավետ 4 փոխանցում կատարել:

(Visited 63 times, 1 visits today)