Հայաստանը երաշխավորել է ամենակարեւորը. ովքեր են գործարքի գնացել Բաքվի հետ

Հուլիսի 18-ին ելույթ ունենալով Հայաստանի ռազմական գերատեսչության, բանակի բարձրագույն հրամկազմի առաջ եւ անդրադառնալով տավուշյան իրադրությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափել է նաեւ այդ համատեքստում դիտարկվող էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքների թեման:

Խոսքն այն մասին է, որ Հայաստանի սահմանապահ դիրքերն այնպիսին են, որ թույլ են տալիս «ափի մեջ» վերահսկել Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջանները, որոնցով էլ անցնում են դեպի Արեւմուտք գնացող նավթային, գազային, երկաթուղային ենթակառուցվածքներ:

Ադրբեջանն այդ հանգամանքը փորձում է դարձնել ինքնապաշտպանական պրոպագանդիստական միջոց, ներկայացնելով, որ հայկական ուժերը սպառնալիք են այդ ենթակառուցվածքների անխափան գործունեության համար:

«Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու: Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ», հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Դա ներկայիս իրավիճակում կարեւոր հայտարարություն է, բավական նուրբ շեշտադրումներով: Բանն այն է, որ եղել են նաեւ գնահատականներ, որ Հայաստանը պետք է միջազգային հանրությանը, եվրոպացի գործընկերներին երաշխավորի այդ ենթակառուցվածքներին չհարվածելն ու դրանց անվտանգությունը:

Հայաստանը չունի այդպիսի երաշխիք տալու խնդիր, եւ դրա պատճառները մի քանիսն են: Նախ, Հայաստանի խնդիրը բոլոր հնարավոր միջոցներով եւ գործիքներով սեփական անվտանգությունը, սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, ինչը նաեւ ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության երաշխիք է:

Որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան Կովկասով ոչ միայն նավթ ու գազ են արտահանելու Եվրոպա, այլեւ Հայաստանի անվտանգային հարցը լուծելուց հետո Եվրոպա են արտահանելու սպառնալիք եւ շանտաժ, իսկ նավթն ու գազը ընդամենը ծառայելու են դրան: Եվրոպացի մեր գործընկերները պետք է իմանան, որ հայկական դիրքերը եվրոպական եւ միջազգային անվտանգության դիրքեր են, ու Հայաստանն, իր անվտանգությունը երաշխավորելով, կարող է երաշխավորել Եվրոպայի անվտանգությունը:

Բացի այդ, այն եվրոպացի գործընկերները, որոնք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գործակցել են այդ հաղորդուղիների հարցում, թերեւ հստակ տեղյակ են եղել Հայաստանի հասցեին Ադրբեջանի սպառնալիքների, չավարտված պատերազմի, Բաքվից պատերազմի կոչերի մասին, ըստ այդմ պատկերացրել են, որ կա վտանգ, եւ իրենց հաղորդուղիները անցնելու են վտանգի գոտով: Հետեւաբար, նրանք գնացել են այդ ռիսկին, եւ Հայաստանը որեւէ կերպ չունի այդ ռիսկը փոխհատուցելու պարտավորություն: Ըստ այդմ, եթե նրանց հուզում է հաղորդուղիների անվտանգության հարցը՝ իսկ անգամ դա միարժեք չէ, թե Եվրոպայում ում են պետք դրանք, իսկ ում պետք չեն, ապա նրանք պետք է երաշխիքներ պահանջեն Բաքվից՝ որ այն չի գնա այնպիսի քայլերի, որոնք կստեղծեն վտանգ հաղորդուղիների համար:

Հայաստանը չունի դրանք թիրախավորելու մտադրություն եւ այդ մասին միանգամայն հստակ շարադրում է Հայաստանի առաջին դեմքը: Բայց Հայաստանն ունի Երեւանին սպառնացող, պաշտոնական մակարդակով հայերի հանդեպ ատելություն քարոզող հակառակորդ, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու սպառնում հրթիռակոծել ատոմակայանը: Ըստ այդմ, գործ ունենալով այդպիսի հակառակորդի հետ, Հայաստանը բացարձակապես չունի այդ հակառակորդի հետ տնտեսական գործընկերություն հաստատած կողմերի շահերի մասին հոգ տանելու անհրաժեշտություն:

Կա հայկական ժողովրդական հայտնի խոսքը՝ «կռվի ժամանակ փլավ չեն բաժանում»: Եթե պատերազմ է, ապա որեւէ մեկը չի կարող երաշխավորել որեւէ թիրախի անվտանգություն: Առավել եւս Հայաստանը չունի իր վրա ավելորդ եւ անհարկի երաշխավորություն վերցնելու անհրաժեշտություն: Հայաստանը միջազգային հանրության համար երաշխավորում է շատ ավելի կարեւոր բան՝ էքզիստենցիալ անվտանգություն:

Աղբյուր՝ lragir.am

(Visited 1 075 times, 1 visits today)