Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ապտակը Մարգարիտա Սիմանյանին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ապտակը Մարգարիտա Սիմանյանին

Արդեն հասկանալի է, թե այսօր ինչ կատարվեց ՀԱՊԿ-ի ֆեյսբուքյան ու թվիթերյան պաշտոնական էջերում, երբ «սխալմամբ» տեղադրվեց Մարգարիտա Սիմանյանի գրառումն, ապա՝ օպերատիվ կերպով հանվեց, իսկ հետո էլ դրա մասին պարզաբանում տարածվեց՝ հատուկ հայտարարելով, որ «ԳՐԱՌՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ»։

Այսինքն, Ռուսաստանում ու ՀԱՊԿ քարտուղարությունում հստակ ու ուշիուշով հետևում են հայության շրջանում ու Հայաստանում Մ․Սիմանյանի գրառման գեներացրած կրքերին, Հայաստանի հասարակության ու ողջ հայ ժողովրդի բուռն արձագանքին։

Եվ որպեսզի Ռուսաստանում ուղղակի չհերքեն, որ Ռաշա Թուդեյի գլխավոր խմբագիրը արտահայտում է այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը, նախընտրել են ավելի խորամանկ քայլ կատարել՝ «տեխնիկական սխալմունքով» տեղադրել նրա գրառումը թվիթերում ու ֆեյսբուքում, բոլորի ուշադրություն հրավիրել դրա վար և այդ մեծ լսարանի առջև հայտարարել, որ ՌԴ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄԱՆՅԱՆԸ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ։

Սա այն է, ինչի մասին գրում էի հենց առաջին պահից, որ Մարգարիտա Սիմանյանը և նրա նմանները հատկապես Հայաստանի ներքին լսարանում ու միգուցե նույնիսկ Ռուսաստանի հայկական լսարանում տարիներ շարունակ փորձել են հանդես գալ որպես Կրեմլի ու Վ․Պուտինի խոսափող, իսկ իրականում զբաղված են եղել շառլատանությամբ, փող կպցնելով ու չեղած ստատուս «հորինելով»։

Ահա և ռուսական կողմը ՀԱՊԿ-ով անուղղակի հայտարարում է այդ մասին, որ Ռաշա Թուդեյի գլխավոր խմբագիրը պաշտոնական դիրքորոշում չի հայտնում։

Թե որքան էր Մարգարիտա Սիմանյանի տխրությունը ռուսական կողմի ու ՀԱՊԿ-ի այս օպերացիայից, վկայեց նրա վերջին գրառումը, որտեղ նա հայտարարեց, թե կհարապարկի իր սկանդալային գրառման տակ ստորագրած հայերի անունները, բայց հասկացրեց՝ ՈՉ ԱՅՍՕՐ՝ երկուշաբթի, ինչպես հայտարարել էր նախկինում։ Իսկ թե երբ՝ Մարգարիտա Սիմանյանը չի ասել կամ հստակեցրել, պատճառաբանելով, թե դա կանի այն ժամանակ, երբ կդադարեն իրեն զանգել ու գրել․․․․

Մի կողմից կարելի է ենթադրել, որ նա կարող էր հավաքել շատ քիչ «անվանի» հայերի ստորագրություն, քանզի նրանցից ոչ մեկ ինքնասպանության չի գնա՝ տեսնելով, թե Մարգարիտայի հետ ինչ են անում հայերը, ոչ հայերը, հետխորհրդային երկրների այլ ազգերի ներկայացուցիչներ, անգամ՝ ռուսներ, որոնք կատակում են, որ եթե հայերը Մարգարիտայից հրաժարվում են, ապա իրենց էլ նա պետք չէ․․․

Բայց թերևս սա չէ պատճառը։ ՀԱՊԿ-ի քարտուղարության ինֆորմացիոն օպերացիան ցույց է տալիս, որ Մարգարիտա Սիմանյանին վերևից հրահանգել են դադարեցնել ինքնագործունեությունը և ոչ մի ցուցակ չհրապարակել․․․ Ինչից էլ Մարգարիտա Սիրմանյանը շատ նեղվել է ու «յուրովի» կատարել հանձնարարությունը՝ անուղղակի հայտարարելով, որ ցուցակը կհրապարակվի, բայց ոչ այսօր, իսկ ավելի ստույգ՝ չի հրապարակվի․․․

Ու սա ևս մեկ հաղթանակ էր ողջ հայության կողմից, երբ ազգովի միասնական հակադարձեցինք Հայաստանի պետականության վրա սանձարձակ ու լկտի գրոհը, որի հեղինակը անձնական ու թայֆայական խնդիրներ էր լուծում՝ օգտվելով իր կարգավիճակից ու փորձելով դա նաղդել Կրեմլի պաշտոնական դիրքորոշման տակ․․․

Գրեթե հավատացած եմ, որ Մարգարիտան ապագայում էլ ցուցակ չի հրապարակելու, այլ փորձում է իր իսկ կողմից ստեղծված այս խայտառակ իրադրությունից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Նրան պարզապես թույլատրված չէ հրապարակել ցուցակ, ինչպես նաև հավաքել ստորագրություններ, որն անելն էլ ռիսկային է Մարգարիտա Սիմանյանի համար։

Թույլատրված չէ հենց Կրեմլից, այլապես ՀԱՊԿ-ը կարճ խաղի մեջ չէր մտնի՝ նույնիսկ վտանգելով իր հեղինակությունը, ստեղծելով կարծիք, որ կարող է նման կառույցի պաշտոնական էջում «նման տեխնիկական սխալ տեղի ունենալ»։ Բայց ՀԱՊԿ-ը ավելի մեծ խնդիր լուծեց՝ իր մակարդակով հերքեց մեկին, որի քաղքական մասշտաբն այդքան չկա, սակայն ով կարողացել էր ՀԱՊԿ անդամ երկրում թայֆայական նկատառումներով գեներացնել լուրջ հակատրամադրություններ։

Մարգարիտա Սիմանյաններին մեկընդիմիշտ պետք է հեռու պահել հայ-ռուսական հարաբերություններից։ Դրանք աղետ են երկու կողմի համար էլ։ Ու այսքանով միջադեպը համարենք մարված, թեպետ լավ կլինի, որ Ռուսաստանի մեր հայությունը որևէ եղանակով հասնի Մարգարիտայի վերադասների անմիջական ու նույնպիսի հերքմանը, որ «ԳՐԱՌՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԾԻՔԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՌԴ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ»

Ստյոպա Սաֆարյան
20․07․2020

(Visited 2 717 times, 1 visits today)