2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի եւ տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաեւ՝ վնասել տեղակալի ձեռքը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր
կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի եւ նրա կողմնակիցների հետ: Տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով եւ քարերով հարվածներ են հասցրել միմյանց եւ
մարմնական վնասվածքներ պատճառել: Պարզվել է նաեւ, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածներ է հասցրել եւ վնասել տեղակալի կողմից վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:
Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: