Ճնշման տակ է երկիրը. Բայց Նիկոլը չի խորտակվելու, թող հույս չունենան

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նպատակը երկիրը պերմանենտ լարման մեջ պահելն է, այդ պատճառով էլ հարցազրույցներով են հանդես գալիս։

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հիմա որոշեց խոսել։

«Երբ խոսում ենք Սերժ Սարգսյանի մասին, Ռոբերտ Քոչարյանին մի՛ մոռացեք։ Նրանք սիամական երկվորյակներ են, նրանք մի նպատակ ունեն՝ պերմանենտ լարման մեջ պահել երկիրը։ Նրանք որոշել են հայ ժողովրդի կյանքն ուտել վերջացնել, իշխանությունը տապալել։ Այդ իմաստով իրենք երկու տարի է՝ ժողովրդի համահայկական կամքի դեմ են դուրս եկել։ Նրանք ունեն մեկ սկզբունք՝ երկիրը պահել պերմանենտ լարման մեջ»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Շիրինյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս, հետո ցուցադրական գնում է լողալու, հետո Սերժ Սարգսյանն է հարցազրույց տալիս, հետագայում այլ քայլեր կանեն, իսկ նպատակը լարում առաջացնելն է:

«Դա պերմանենտ լարման շղթա է, որ կշարունակվի, ես ավելի վաղ եմ այդ մասին ասել։ Նրանք թշնամուց ավելի վատ են, քանի որ կորոնավիրուսի այս գրոհի պայմաններում, երբ երկիրը ծանր վիճակում է, փորձում են լարում առաջացնել։ Եվ անընդհատ այդպես են անելու, որպեսզի երկիրը չշնչի, և այդ բոլորը ուղղվելու է Նիկոլի դեմ»,- հավելում է Շիրինյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ապրիլյան պատերազմի մասին հարցերին՝ «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսանյութերի միջոցով։

«Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է լռել այսքան ժամանակ։

«Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասրակությունը մինչև վերջ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը պարզե՞լ է ճշմարտությունը, թե ինչ էր եղել 2016 թվականին, Սերժ Սարգսյանն ասել է.

«Ճշմարտությունը հետևյալն է՝ մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա ու պարտվեց։ Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիստին, ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ։

Ես պարտավոր էի գնալ ու ասել ճշմարտությունը։ Վերջնական եզրահանգում կանենք, երբ քննիչ հանձնաժողովը իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով։ Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»։

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի օրերին տարածքային կորուստներին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ոչ թե 800 հա, այլ 400 հա կորուստ է ունեցել հայկական կողմը։

«Եկեք խոսենք 800 հեկտարի մասին։ Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է։

Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտում հետ վերցնել 800 հեկտարը, այսինքն՝ 0,1 տոկոսը։ Պատերազմի ժամանակ ես չեմ պնդել, որ այդչափ տարածքը մեր բանակը հետ վերցնի, որովհետև ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին»,- նշել է նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադառնում է հարցին, թե ինչո՞ւ է այս փուլում Սերժ Սարգսյանը խոսում ապրիլյան պատերազմի օրերի իրադարձությունների մասին։ Աշնանը սպասվում է, որ ԱԺ դատին պետք է ներկայացվի ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Եվ իրենք պատասխան են տալու»,- ասում է Շիրինյանը։

Ըստ Շիրինյանի՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուս ընդդիմադիր գործիչների քայլերը իշխանության համար վատ հետևանք կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե ժողովուրդը կորցնի հիշողությունը։

«Բայց որպեսզի ստուգենք՝ ժողովուրդն ունի՞ հիշողություն, պետք է փորձել։ Ես առաջարկում եմ, որ իրենք շրջեն փողոցում առանց թիկնազորի, առանց զինված բանդաների։ Եթե ժողովուրդը հավաքվեց, իրենց սիրով գրկեց ու չխեղդեց, չհոշոտեց, ուրեմն մենք կտեսնենք, որ իրենք հաջողություն ունեն։ Նրանք վաղուց կրակված փամփուշտ են»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Շիրինյանի՝ նրանց տերերն են հրամայել, որպեսզի անընդհատ լարում առաջացնեն Հայաստանում։

«Իրենք այստեղ ձայները բարձրացնում են, Սոլովյովներն ու Մարքրիտ Սիմոնովնաները Մոսկվայից հուպ են տալիս։ Այսինքն՝ ճնշման տակ է երկիրը։ Բայց Նիկոլը չի խորտակվելու, թող հույս չունենան»,- նշում է քաղաքագետը։

Շիրինյանը նաև հավելեց, որ իր ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը կանգնելու է իշխանության կողքին։

«Ով ուզում է իրեն ընդդիմություն համարի, ով ուզում է դիմություն համարի, մենք՝ որպես կայացող կուսակցություն, ընդունելով, որ իշխանությունը շատ թերություններ ու սխալներ ունի, միևնույն է՝ պաշտպանելու ենք հեղափոխության գաղափարները»,- ասում է նա։

MediaLab.am

(Visited 2 763 times, 1 visits today)