Արդեն ունեն Պապյան, որը տարածում է ամենաչտեսնված ֆեյք նյուզը

«Հեղափոխությունից հետո ամեն օր պետական կառավարման հետնահանջ է անձանագրվում, որը դրսևորվում է առողջապահության, մշակույթի, կրթության, միջազգային հարաբերությունների ոլորտներում»,- Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30-ամյակի առթիվ Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդաժողովի ընթացքում ասել է մշակութային գործիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, Ազգային ժողովրդավարական բևեռի մասնակից Վահան Արծրունին։

«ՉԻ». Գործող իշխանությանը կարելի է քննադատել անվճռականության, բարեփոխումներ չիրականացնելու, հանցագործներին չպատժելու և այլնի համար:

Բայց կոմպոզիտորը, որը հանգամանքների բերումով դարձավ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կարո՞ղ է բացատրել, թե օրինակ առողջապահության համակարգում ինչ հետնահանջի մասին է խոսքը: Տասնյակ հիվանդությունների բուժումը դարձավ անվճար, հարյուրավոր դեղերի տրամադրումը դարձավ անվճար, մինչև 18 տարեկանների բուժումը դարձավ անվճար, բայց քանի որ թյուրիմացությունը, որ ինքը դարձել էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, շտկվել է, իր համար հետնահանջ է:

Կամ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը այդ ի՞նչ հանճարեղ արտաքին քաղաքականություն էին իրականացնում, որ կոմպոզիտորի դիտարկմամբ հիմա կարելի է խոսել հետնահանջի մասին: Այս գնահատականով ավելի շուտ պետք էր մասնակցել Քոչարյանի աջակիցների հետ zoom տեսակոնֆերանսին կամ Սարգսյանի ասուլիսին:

Ընդհանրապես, եթե Բևեռը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն, պետք է շատ զգույշ լինի, թե ովքեր են հանդես գալիս իրենց անունից և ինչ զուգահեռներ են անցկացնում նախկինի և ներկայի միջև: Արդեն ունեն Պապյան, որը տարածում է ամենաչտեսնված ֆեյք նյուզը, կիսվում Քոչարյանի կողմնակիցների հրապարակումներով: Եվս մեկ նման ֆիգուրը կարող է լուրջ կասկածներ առաջացնել Բևեռի իրական նպատակների մասով:

(Visited 218 times, 1 visits today)