Համարձակ հիշեցում Մոսկվայում… Սերժ Սարգսյանը Պուտինի ընկերը չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առիթով, մաղթել ոգու ամրություն եւ նշել, որ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանում ընկալում են Հայաստանի զարգացման հարցում մեծ ավանդ ունեցած գործիչ:

Պուտինը կանոնավոր շարունակում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ուշադրությունը: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահի հանդեպ՝ նրա պաշտոնաթողությունից հետո, ՌԴ նախագահ Պուտինն այդպես ուշադիր չէ: Թեեւ, երրորդ նախագահ Սարգսյանն էլ սկզբունքորեն ուշադիր չէ Պուտինի հանդեպ: Նրանք միմյանց ծննդյան տարեդարձ չեն շնորհավորում, ի տարբերություն Քոչարյան-Պուտին ձեւաչափի:

Ինչու՞ է ՌԴ նախագահն անտարբեր Սերժ Սարգսյանի տարեդարձերի հանդեպ: Որովհետեւ Սարգսյանը նրա ընկերը չէ՞, թե՞ որովհետեւ Սարգսյանը նրա քաղաքական համախոհը չէ եւ չի ներառվում որեւէ քաղաքական սխեմայի մեջ:

Իհարկե պետք չէ բացառել, որ սխեմայից դուրս է Ռոբերտ Քոչարյանը, եւ Պուտինը շնորհավորում է նրան առանց քաղաքական հեռանկարի: Օրինակ, Պուտինը շնորհավորական ուղերձներում չի խոսում ապագայի մասին, եթե իհարկե ակնարկ չդիտվի ոգու ամրության մասին մաղթանքը:

Այդուհանդերձ, հազիվ թե Սարգսյանն ու Պուտինը թաքցնում են ինչ որ բան եւ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքով շեղում ուշադրությունը: Ըստ ամենայնի, քաղաքական հեռանկարի իմաստով նրանք այլեւս չունեն փոխադարձ որեւէ ակնկալիք, եթե իհարկե ունեցել են մինչեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունը:

2017 թվականի մարտին՝ խորհրդարանի ընտրությունից մի քանի օր առաջ, ընդունելով Սերժ Սարգսյանին Մոսկվայում, Պուտինը հայտարարեց, թե ակնկալում են Հայաստանի անցումային փուլի սահուն ընթացք Սարգսյանի գլխավորությամբ: Հատկապես ինչ անցման մասին էր խոսքը, հանգամանալից չէր մանրամասնվում՝ անցում նախագահական կառավարման մոդելից խորհրդարանականի՞, թե՞ Սերժ Սարգսյանից իշխանության սահուն անցում վարչապետ Կարեն Կարապետյանին:

Համենայն դեպս հատկանշական է, որ հենց այդ այցի ընթացքում Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմից հետո թվով երկրորդ անգամ ակնարկեց Ռուսաստանի պատասխանատվության մասին: Ու եթե առաջին անգամը Երեւանում էր՝ Լավրովին ընդունելիս, պատերազմից մոտ մեկ ամիս անց, ապա երկրորդ անգամ նա արեց դա հենց այդ մոսկովյան այցի ընթացքում՝ պատերազմից մոտ մեկ տարի անց, ՄԳԻՄՕ-ում ելույթի ընթացքում: Սարգսյանը հայտարարեց, թե երբ գործընկերներին զգուշացնում էին, որ Ալիեւը գնում է պատերազմի, իրեն հանգստացնում էին, թե դա ներքին սպառման համար է:

Ինչու՞ Սերժ Սարգսյանը որոշեց հենց Հայաստանի խորհրդարանի ընտրությունից օրեր առաջ Մոսկվայում հիշեցնել քառօրյայի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին: Արդյոք դա պատասխան էր իշխանության սահուն փոխանցման մասին Պուտինի ակնարկին կամ ակնկալիքին, ինչին ի պատասխան Սարգսյանն ակնարկում էր, որ ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվան կորցրել է Հայաստանում իշխանության հարց որոշելու իրավունքը:

Սարգսյանն իհարկե կգնար այդպիսի համարձակ դիմադրության, եթե այլեւս չունենար կորցնելու բան: Իսկ իշխանությունը այդ կորցնելու բանը չէ՞ր, այն էլ խորհրդարանի ընտրությունից առաջ: Թե՞ խորհրդարանի 2017 թվականի ընտրությանը Սերժ Սարգսյանը հենց կորցրեց իշխանությունը, այն ձեռք բերելով եւ հրաժարական տալով միայն 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումով, եւ հանձնելով այն Հայաստանի քաղաքացիներին մեկ օր անց՝ ապրիլի 23-ին:

(Visited 126 times, 1 visits today)