Տակը բան չկա… Հինգերորդ շարասյունը Արևելյան շուկայի սովորական փուչիկ է. Արմեն Մովսիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, Սփյուռքի հանձնակատարը նշում է, որ 5-րդ շարասյան դեր խաղացող ուժերն այսօր Սփյուռքում օրուգիշեր մաղձ են թափում ՀՀ–ի և կառավարության վրա: Դուք նման բան նկատե՞լ եք արդյոք, և ո՞ր ուժերն են դրանք:

– Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ շատ, բայց որ կլինեն, բնական է: Միայն անվանել դրանց հինգերորդ շարասյուն, կասեի՝ նույնիսկ գովասանք կլինի: Սոցհարթակներից այն կողմ այդ ուժերը տարածվելու ո՛չ տարբերակ ունեն, ո՛չ կարողություն: Ավելին, այդ հինգերորդ շարասյուն հորջորջվածը Արևելյան շուկայի սովորական փուչիկ է: Տակը բան չկա:

– Պարոն Մովսիսյան, Սփյուռքի ներուժն այսօր որքանո՞վ է հնարավոր լինում օգտագործել, շուրջ 100 երիտասարդ Սփյուռքից ընդգրկվեց կառավարության աշխատանքին: Ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ նորմալ, նույնիսկ չեմ հասկանում հարցի իմաստը: Եթե մասնագետներ են, ինչու՝ ոչ: Վերջերս հա մի հարց է ինձ հուզում. մեր ուզածը ի՞նչ է՝ ուզո՞ւմ ենք հզոր, բարեկեցիկ, ուժեղ հայրենիք, ուրեմն պիտի ձգտել դրան: Եթե որոշել ենք ամեն ինչ դիտել ու զննել սև ակնոցներով, հաստատ երկար փնտրելու կարիք չկա, թերություններ շատ կգտնենք, բայց դա մեզ ինչքանով կմոտեցնի մեր երազած, ակնկալվող հայրենիքին՝ սա հարց է:

Հիմա մասնագետներ են եկել, չէ՞, ուզում են իրենց մասնագիտական հմտությունները ներդնել հայրենիքի համար, ի՞նչ վատ է:

– Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում: Ծառուկյանը հայտարարել է հուժկու, բազմամիլիոնանոց հանրահավաքի մասին:

– Եկեք այս հարցը թողնեմ առանց պատասխանի, թեթև ժպտամ:

– Պարոն Մովսիսյան, գալով առաջին հարցին՝ որքանո՞վ հինգերորդ շարասյան ուժերը կարող են վտանգ ներկայացնել իրենցից:

– Նայեք՝ վտանգ, իհարկե, կա, մանավանդ եթե հաշվի առնենք այս կովիդի համաշխարհային շոուի վնասները ու տնտեսության վրա ունեցած դրա ազդեցությունները՝ պարզ կդառնա, որ մեր հայրենիքը չի խուսափել վնասներից: Որ դա դժգոհ ուժերին պիտի մղի օգտագործելու առիթը՝ հասկանալի է, մյուս կողմից՝ 2 տարվա մեջ իշխանավորների կուտակած բազմաթիվ սխալները ու բացթողումները

նպաստում են այդ, այսպես կոչված, 5-րդ շարասյան խտացմանը (հաշվի առեք՝ ինչքան մասմեդիա է աշխատում դրա համար): Բայց սա արտաքին չէ, սա ներքին տեսակ է: Սակայն երբ հիշում ես նախկինների բարքերը, հասկանալի է դառնում, որ ունենք առաջընթաց. այո, շատ հարցեր մնացել են բաց, կովիդն էլ իր չար գործը արեց, բայց մեկ է՝ արժի համեմատել, ու հասկանալի կդառնա, որ հինգերորդ շարասյուն

կոչեցյալը ավելի շատ աղմուկ է առիթից օգտվողների, կասեի՝ միշտ կծան տեսակի համար: Ես ակնկալում եմ, որ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում կունենանք առանց ցնցումների իշխանական ժամանակաշրջան, և այսուհետ կորոշի ժողովրդի ձայնը, ոչ թե բռնի ուժը, վախը կամ կախվածությունը: Այս հարցում էլ ապավինենք մեր ժողովրդի հազարամյա պատմությանը, հնությանն ու իմաստությանը:

(Visited 36 times, 1 visits today)