Պատերազմից առաջ ինչ «կոշտ սցենարի» մասին էր ակնարկում «Դոսյեն»

Լայնածավալ պատերազմին նախորդեցին մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնք արդեն իսկ այսօր տեղի ունեցող զարգացումների ֆոնին պատահականություն լինել չէին կարող:

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը` առաջնագծում դավաճանական գործողությունների (պայմանավորված պատերազմ և այլն) մասին, միայն առաջին հայացքից կարող է սենսացիոն թվալ։

Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության ղեկավարը մեկ անգամ չէ, որ խոսել է որոշ շրջանակների հակաիշխանական դավադրությունների, հեղաշրջման փորձերի մասին, էլ չասենք` լրտեսների վերաբերյալ թափանցիկ ակնարկները: «Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի հետևից»,- մեկ տարի առաջ Վանաձորում հայտարարել էր Փաշինյանը:

Դրանից առաջ էլ` 2018-ին, Իրանում, տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

ՈՒՂԻՂ ԳՈՎԱԶԴ 4rd.am-ում
Գործակալների թեման պատերազմից օրեր առաջ նույնպես շրջանառության մեջ դրվեց, սակայն այս անգամ ոչ թե վարչապետի, այլ գործարար, Կրեմլի ամենասուր քննադատ, վտարանդի, արտերկրում ապրող Մ. Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնի մակարդակով: Մասնավորապես սեպտեմբերի կեսերին ԶԼՄ-ների թոփ թեման դարձավ այդ կենտրոնի հրապարակած աղմկահարույց զեկույցը, որին ԱԱԾ-ն այդպես էլ ձեռնպահ մնաց արձագանքել: Դրանում շարադրված մի շարք դրվագներ արժե նորից հիշեցնել: Մասնավորապես նշվում էր, թե Ռուսաստանից ֆինանսավորվող գործակալները ուշադրությամբ հետևում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին, որի օպերատիվ մականունը «Մորուք» է և գաղտնի զեկույցներում ներկայացվում է որպես «Սորոսի հիմնադրամի դրածո»: Կենտրոնը հանդես է եկել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին Կրեմլի միջամտության վերաբերյալ հրապարակումներով:

Ռուսաստանը այլ երկրների գործերին, ըստ կենտրոնի, միջամտում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի ղեկավարությամբ գործող ցանցի կողմից, որը տարածաշրջանում ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում: Այստեղ աշխատում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց, որոնք գործում են ինչպես հրապարակային, այնպես էլ ընդհատակյա, 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ամենայն ուշադրությամբ հսկում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին: Ուշագրավ է «Դոսյե»-ի զեկույցի այն դրվագը, որտեղ Չերնովի ղեկավարությամբ գործող անձանցից մեկը` Սվետլանա Մաքսիմովա անունով, զեկուցել է. «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Մեկ այլ դեպքում նա հայտնել է. «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արևմտամետ ձրիակերների բացահայտեց»: Թե ով է Սվետլանա Մաքսիմովան, ով՝ Միշան, «Դոսյե»-ի հրապարակման մեջ չէր հստակեցվում: Հարց է առաջանում, թե ի՞նչ «կոշտ սցենարի» մասին է խոսքը, արդյոք զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ անց սկսված պատերազմի՞։

Ուշադրության է արժանի նաև «մինչև օգոստոս» ժամկետը։ Այժմ տեսնեք, թե ինչ զարգացումներ են նախորդել այդ ամսին․ հունիսի 18-ին 2 մլրդ դրամի դիմաց կալանքից ազատվեց Պուտինի հետ «քիմիական կապի» մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը, որին նախկին ռեժիմի պրոպագանդայի «փիառշիկները» համարում են ՌԴ-ի համար Հայաստանի ապագա ղեկավարի «ցանկալի թեկնածու»։ Նրա ազատումից կարճ ժամանակ անց՝ հուլիսի 12-13-ին, տեղի ունեցավ տավուշյան էսկալացիան, որն ակնհայտորեն այսօր ընթացող լայնածավալ պատերազմի նախերգանքն էր։ Դժվար է ասել, թե իշխանության վերին էշելոնում ինչպիսի զարգացումներ տեղի կունենային այդ էսկալացիայի համատեքստում, եթե մինչ այդ ուժային կառույցների՝ ԱԱԾ, Ոստիկանության, ԶՈՒ ԳՇ ղեկավարները փոխված չլինեին։

Վերադառնալով «Դոսյե»-ի զեկույցին, մեջբերենք ևս մեկ ուշագրավ դրվագ։ Փաշինյանի վերաբերյալ կոմպրոմատ է ուղարկում նաև «Թեկնածու» (Кандидат) կեղծանունով մեկ այլ աղբյուր, որն իր ղեկավարներին զեկուցել է. «Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել կոլեկտիվ անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն. Փաշինյանը կասկածի տակ է դրել ՀԱՊԿ-ին և նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Դրա հետ միասին, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարին՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Ռուսաստանի բարեկամները» չեն վախենում գաղտնազերծումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն անվանում են ռուսական ԱԱԾ-ի՝ «Լուբյանկայի մասնաճյուղ»:

Նկատենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ ԱԱԾ-ն երեք տնօրեն է փոխել։ Մասնավորապես պատերազմի ընթացքում՝ երկու տնօրեն փոխվեց, և, դատելով մամուլ սպրդած տեղեկատվությունից՝ համակարգը որոշակի զտումների է ենթարկվել։ Հինգ ԱԱԾ պետ՝ երկուսուկես տարվա ընթացքում։

Այս տարվա հունվարին հրազենային մահացու վնասվածքից խորհրդավոր հանգամանքներում մահացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը: Թե ինչ փուլում է փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը` վարույթն իրականացնող մարմինը քար լռություն է պահպանում:

«Չորրորդ իշխանություն»

(Visited 320 times, 1 visits today)