Դու այդ ինչպե՞ս ես կարողանում քեզ պահպանել հողազուրկ այդ թեքության վրա

ԾԱՌԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
-Դու այդ ինչպե՞ս ես կարողանում քեզ պահպանել հողազուրկ այդ թեքության վրա:
-Զարմացա՞ծ ես, մարդ: Ուշադիր նայիր իմ արմատներին. նրանք հող չեն աղերսում, նրանք հողը գտնո՛ւմ են ու խրվում նրա մեջ: Ինչքան խորն են մտնում, այնքան ամուր են պահում ինձ: Նրանք նաև այդ հողը պահպանում են էռոզիայից, որին դուք հողի սահք եք ասում: Իմ արմատներից յուրաքանչյուրն ինձ կանգուն պահելու մասին է մտածում: Նրանք չե՛ն մտածում, թե՝ եթե ես քեզ չպահեմ, ինձ նման հարյուրավոր արմատներ կան՝ նրա՛նք կպահեն: Չէ՜, նրանցից ո՛չ մեկը հույսը մյուսի վրա չի դնում, և դրանում է արմատներիս հասարակության ողջ ուժը:

-Հասարակությո՞ւն,-զարմացավ մարդը,-դու հասարակությո՞ւն ես համարում քո արմատների միասնությունը:
-Միամի՜տ մարդ, որ չես հավատում իմ արմատների զորությանը: Դու քո՛ միջավայրն ես համարում հասարակություն, որտեղ իրար պառակտում եք, չարությամբ, նախանձով ու դավադրություններով լցված՝ իրար խանգարում, իրար մերժում ու իրար սպանում եք: Դուք երբեք համախմբված չեք մնում – հենց համախմբվում եք, նախանձի որդը կրծում է ձեզ, ու սկսում եք քայքայել ձեր այդ համախմբվածությունը: Ձեզանից շատ քչերն են մտածում, թե պարտավոր են անել այն, ինչ իրենց վերագրված է: Դա՞ է ձեր հասարակությունը: Դուք չունե՛ք իմ արմատների հավատարմությունն իրենց Ծառին: Դուք չունե՛ք ձեր հավատարմությունը ձեր Ծառին, որը ձեր Հայրենիքն է, ձեր Պետությունն է: Դուք այն ներսից քայքայում եք՝ ձեր անձնական բարեկեցությունը վեր դասելով Հայրենիք հասկացողությունից: Նայիր, մարդ, քո երկրում տիրող այսօրվա վիճակը՝ քաոս, դավաճաններով լեցուն մի ամբոխ հարձակվել է քո այդ երկրին ժողովրդավարություն բերած մարդու վրա ու բզկտում է նրան էլ, երկիրն էլ: Դու դեռ հասարակություն կոչված ձեր այդ կեղտոտ միջավայրից կարողացիր ազատվել ու նոր միայն կասկածիր իմ արմատների հավատարմությանն ու կատարյալ հասարակություն համարվելուն:
-Քո հանդիմանությունը ընդհանուրինն է, ծառ,-սրտնեղեց մարդը:

-Այդ ընդհանուրի մեջ եղած լավերը հաճախ միայնակ են մնում, որոնց վրա ոհմակներով հարձակվում եք, փոխանակ օգնեք, փոխանակ հոգսերը կիսեք: Իսկ իմ արմատները չունե՛ն այդ բաժանումը՝ նրանք միասնաբար ու սիրով պահում են իրենց ծառը, որ նաև ձե՛զ համար է աշխատում:
-Աշխատո՞ւմ, մեզ համա՞ր,-տարակուսեց անգիտակ մարդը:-Այո, այո, ձեզ համար,-զայրացավ ծառը,-արմատների համերաշխությամբ զորացված ծառը ձեզ համար թթվա
ծին է արտադրում. դա մեր աշխատանքը չէ՞: Դու չես նկատում մեր արտադրած թթվածինը, ինչպես չես նկատում օդը, առանց որի դու չես կարող ապրել: Իմացիր, ուրեմն, որ մեզանից ամեն մի ծառ օրական արտադրում է 180 լիտր թթվածին: Դու՝ մարդ, օրական մսխում ես 700-ից ավել լիտր թթվածին: Ամեն ծառ բնության մի մասնիկն է, իսկ բնությունն ամբողջությամբ բարի է ու փրկարար, ներդաշնակ է ու սքանչելի… բնությունը ձեր՝ մարդկանց, ուսուցիչն ու դաստիարակն է:
-Լավ, լավ, մի քիչ շատ չվերցրի՞ր:
-Ահա հենց քո վրդովմունքի մեջ էլ քո մեծ սխալն է, մարդ, որ ինչպես բնությունն ես անխնա ոչնչացնում, այնպես էլ քո տեսակին ես սպանում: Թե չէ անգամ զարմանում ես, որ իմ արմատների համախումբ գործունեությունը հասարակություն եմ կոչում: Դու քո հասարակությո՛ւնը մաքրիր, զտիր, որ ջոկել կարողանաս, թե ով է ազնիվ ու նվիրյալ, ով՝ դավադիր ու թշնամի: Եվ բնությունից սովորիր ներդաշնակ ապրել, թե չէ դուք՝ մարդիքդ, ընտրել եք իրար ոչնչացնելու անխոհեմ եղանակը: Ափսոս է ձեր երկիրը, և ափսոս եք դուք, որ չեք զանազանում լավը վատից, բարին՝ չարից:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

(Visited 4 times, 1 visits today)