Ալիեւը հայտարարել է նոր կոնֆլիկտի մասին

Հայ զինվորականները Կապանի ուղղությամբ հեռանում են դիրքերից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պետք է խոսել անցյալով, հայտարարել է Ալիեւը ԱՊՀ վեհաժողովի ընթացքում: Ալիեւը հայտարարել է, որ հակամարտությունը «լուծվեց» ռազմա-քաղաքական ճանապարհով:

 

Նա առաջին անգամ չէ, որ անում է նման հայտարարություն: Ընդ որում, նա հղում է արել նաեւ Պուտինի համանման հայտարարությանը: Պուտինը ասել է, թե հակամարտության մասին հնարավոր է խոսել անցյալով:

Միաժամանակ Պուտինը խոսել է նաեւ հետագայում կարգավիճակի որոշման մասին: Նախօրեին նա իր ասուլիսում նաեւ հայտարարել էր, թե հուսով է Հադրութի երեք գյուղերի ուղղությամբ սադրանքը կլինի հրադադարի խախտման միակ դեպքը, եւ կողմերը կնստեն բանակցության:

Եթե հակամարտությունն անցյալ է, ապա ի՞նչ բանակցության մասին է խոսում Պուտինը: Թե՞ խոսքը Հայաստանի սահմանների շուրջ «բանակցության» մասին է, որի առնչությամբ թեժ իրավիճակ է Սյունիքում: Ի դեպ, Ալիեւը Բաքվի շքերթում փաստացի հայտարարել է «նոր հակամարտության» մասին՝ Զանգեզուրի:

Սյունիքի սահմանների ուղղությամբ տեղի ունեցող սահմանագծումը գործնականում առաջին քայլերն են այդ ուղղությամբ: Բաքվին այստեղ արդեն իսկ թույլ են տրվել որոշակի քայլեր, որոնք դուրս են նոյեմբերի 9-ի համաձայնագրից: Բանն այն է, որ այդ համաձայնագրում հստակ է երեք շրջաններից հայկական զինուժի դուրսբերումը՝ Քարվաճառ, Լաչին, Աղդամ: Որեւէ խոսք չկա հարավի մասին: Ավելին, կա խոսք, որ զորքերը մնում են այնտեղ, որտեղ եղել են:

Իսկ եթե համաձայնագրում խոսք չկա հարավի որեւէ շրջանի մասին, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդտեղ չկար զինուժի շարժ անելու որեւէ պարտավորություն: Ո՞վ եւ ինչպե՞ս է մեկնաբանել այդ հանգամանքը, եւ ինչու՞ է տեղի ունեցել ադրբեջանցիների այդ շարժը առաջ: Հայաստանի կառավարությունն ունի՞ այդ հարցերի ստույգ եւ հստակ պատասխան, թե՞ պատասխանն այն է, որ Հայաստանի կառավարություն չկա:

Աղբյուր՝ lragir.am

(Visited 87 times, 1 visits today)