Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի. «Ազատություն» ռ/կ

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։

Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։

Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է», – նշեց Նիկողոսյանը։

Առողջապահության նախարարի խոսնակն ասաց՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։

(Visited 23 times, 1 visits today)