Ով վերջին պահին արգելեց Արայիկ Հարությունյանին հանդիպել ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահներին

Տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին ներկա է եղել Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մեկ այլ իրավիճակում այս հաղորդագրությունը գուցե զավեշտալի հնչեր, հատկապես դրան Արայիկ Հարությունյանի մասնակցությունը, այն առումով, որ նա ժամանել է Երեւան ու հետ չի վերադարձել ինչ որ պատճառաբանությամբ: Օրինակ, որ Հայաստանի իշխանությունը Պուտինի աչքի փուշն է, դավաճան ու կապիտուլյանտ, եւ այլն:

Նման բան տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին, երբ Երեւան ժամանեցին Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները: Հատկանշական էր, որ այցին չէր մասնակցում Ռուսաստանի համանախագահը, նրա բացակայությունը պատճառաբանվեց ճամփորդելու անհնարինությամբ: Թեեւ, պարզ էր նրա բացակայության իրական պատճառը՝ Մոսկվան ու թուրքերը փորձում են չեղարկել Մինսկի խմբի մանդատը Արցախն օկուպացնելուց եւ սեպարատ համաձայնություններից հետո:

Արայիկ Հարությունյանի մասով հայտարարվել էր, որ նա Երեւան է ժամանելու համանախգահների հետ հանդիպման համար: Նա ժամանեց, հետո հայտարարվեց, թե քանի որ խումբը Երեւան էր ժամանել ոչ լրիվ կազմով՝ ռուս համանախագահի բացակայությամբ, Արայիկ Հարությունյանը նպատակահարմար չէր գտել հանդիպել մյուս երկուսին եւ վերադարձել է Ստեփանակերտ:

Դա զավեշտալի բացատրություն էր, Արայիկ Հարությունյանը հիանալի գիտեր, որ խումբը Երեւան է ժամանելու ոչ լրիվ կազմով, նախօրեին այդ նույն կազմով խումբն այցելել էր Բաքու, որտեղ Ալիեւը նրանց կոշտ ընդունելություն էր ցույց տվել: Ալիեւը պատճառ ուներ՝ եռակողմ հայտարարությունից հետո Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրել են Արցախի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի, կարգավիճակի հարցերը:

Ալիեւը պատճառ ուներ, իսկ ի՞նչ պատճառ ուներ Արայիկ Հարությունյանը, այդ հարցերը կենսակա՞ն չեն Արցախի համար: Ո՞վ է վերջին պահին արգելել նրան հանդիպել ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ: Պուտի՞նը, Ալիե՞ւը, Նիկոլ Փաշինյա՞նը, թե եռակողմ հայտարարության տրամաբանությամբ, ինչպես կասեր ՀՀ ԱԽ անհույս քարտուղարը:

Եվ ի՞նչ տվեց նրա փախուստը հանդիպումից՝ տեղահանվածների, գերիների ու անհայտ կորածների հարցերը լուծվեցի՞ն, թե՞ ավելի խորացան, վերածվելով քայքայիչ լծակների ռուսների ու թուրքերի ձեռքին, ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվեց Բարդայո՞ւմ, ինչպես հայտարարվել էր վաղօրոք, թե՞ Աղդամում՝ Ստեփանակերտի քթի տակ՝ Արցախը վերահսկելու արտոնությամբ, Խծաբերդն ու Հին Թաղերը մնացի՞ն հայկական, թե՞ իր փախուստից մեկ օր անց հանձնվեցին թուրքերին: Կրկնենք՝ այս ամենը տեղի ունեցավ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների հետ հանդիպումից Արայիկ Հարությունյանի հրաժարվելուց հետո:

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նման դեմարշից հետո կշարունակե՞ն պնդել իրենց հարցերը, եթե հայկական կողմը դրսեւորում է նման հակումներ: ՀՀ ԱԽ նիստում քննարկված հարցերը հնարավո՞ր է լուծել, եթե լուծված չեն կամ օրակարգում չեն հիմնարար հարցերը՝ դեօկուպացիա ու կարգավիճակ: Իր հերթին, հնարավո՞ր է լուծել այդ հիմնարար հարցերը, կցվելով ռուս-թուրքական գրավոր ու բանավոր համաձայնություններին: Դա կոչվում է կոլաբորացիոնիզմ:

(Visited 69 times, 1 visits today)