Հայրս Արցախում ամեն ինչ փորձել է, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

«Այս ամենը շատ մեծ խայտառակություն է ու հիմա էլ ավելի վառ դարձավ»- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերից մեկի ժամանակ դատախազների արած արտահայտությանը՝ «ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում»։

«Եթե կհիշեք, անցյալ տարի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։ Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2․5 տարի շարունակ զգուշացնում էինք: Հիմա կան շատ բացեր, որոնք բանակցությունների միջոցով հնարավոր է ի օգուտ մեզ արդյունքներ ունենալ։ Ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր և այդ ամենին ականջալուր չեղան»։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ իշխանությունների աներեսություն ապշեցնում է. «Այս ամենից հետո մնալը աբսուրդի ժանրից, և ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային»։

Այն հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա՞ քաղաքականություն, նա ասաց, թե իր հայրը վաղուց է քաղաքականության մեջ։

«Ինքը շուտվանից է քաղաքականության մեջ, դրա մասին բազմիցս ասվել է։ Հետագա գործողությունների մասով դեռ առիթ կլինի խոսելու։ Դեռ ժամանակ կլինի հանրությանը ներկայացնելու, թե ինչ ձևով և եղանակով է դա լինելու»։Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե այս իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնելու։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ Արցախում իր հայրն ամեն ինչ փորձել է անել թե խորհուրդներով, թե տարբեր ձևերով հուշելով։

«Նույնիսկ ասում էր՝ «գիտեք, էս ինչ բանը գնացեք ասեք, բայց մի ասեք՝ ես եմ ասել, մենակ թե ասեք…», բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել, քննարկել», — ասաց Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երկար դադարից հետո այսօր կրկին վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

(Visited 38 times, 1 visits today)