Ինչո՞ւ մինչև հիմա չկան հայրենիքը ծախածների անունները․ Հարց վարչապետին. Տեսանյութ

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատերազմում տեղի ունեցած դավաճանությունների մասին։ «Դուք ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, դավաճանական քայլեր, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ։

Լինելով ՀՀ քաղաքացի, պատերազմի մասնակից, ընկերներ կորցրած՝ ի դեմ լեգենդար «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի և նրա որդու՝ Ռաֆոյի, ես պահանջատեր եմ ինձ զգում, ուզում եմ պատասխանեք՝ ինչո՞ւ մինչև հիմա չկան այդ դավաճանների անունները, հայրենիքը ծախածների այդ անունները, պոստերում թերացած այդ մարդկանց անունները, ինչո՞ւ մինչև հիմա նրանք պատասխանատվության առաջ կանգնած չեն»։

Փաշինյանն էլ, արձագանքելով պատգամավորին, խնդրեց իր՝ նախկինում արված հայտարարությունները ուղղակի մեջբերել։ «Եթե հարցը հիմնված է իմ որևէ արված հայտարարության վրա, այդ հայտարարությունը մեջբերվի, որպեսզի մենք ճիշտ հասկանանք իրավիճակը։ Պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300-ի կարգի քրեական գործ կա, և այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։

Իհարկե, պետք է մենք ամեն ինչ անենք, որ հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ։ Ինչ վերաբերում է մարտի դաշտում ընկած մեր եղբայրներին, իմ և բոլորի խոնարհումը մեր բոլոր ընկած հերոսներին, այդ թվում՝ ձեր կողմից հիշատակված Ռուստամ Գասպարյանին և նրա որդուն»։

Մադաթյանը, ի պատասխան, նշեց, որ դավաճանների մասին հայտարարությունը եղել է հոկտեմբերի 8-ին, հայրենիք ծախածների մասին հայտարարությունը՝ նոյեմբերի 10-ին։

Վարչապետն էլ ասաց, որ իր արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր։ «Համոզված եմ, որ քրեական գործերը կտան հարցերի պատասխաններ։ Ընդհանուր առմամբ, այո, հայտարարությունների մեջ կարող են լինել նաև քաղաքական գնահատականներ, և այդ քաղաքական գնահատականները նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն և գուցե հետաքննվում են, և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ։ Կամ տեղի կունենան դատավարություններ»։

(Visited 39 times, 1 visits today)