Ուշգրավ. Անշարժ գույքի սեփականատերերը պետք է բարեկարգեն տարածքը, ամեն օր մաքրեն ձյունը, սառույցը․ Հակառակ դեպքում՝ կտուգանվեն

Երևանում 2010 թվականի հունվարի 7-ից գործող ավագանու որոշման համաձայն` Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումը իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:

Closer view of a man shoveling snow

Պարտադիր բարեկարգման պահանջներն են`

խանութների, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով և շահագործվեն սահմանված պահանջներին համապատասխան.
մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը.

բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը.

գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և (կամ) սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից.

դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին.

ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձնից և սառույցից:

Անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների ծավալը որոշվում է`

1) կրպակների, տաղավարների կամ մանրածախ առևտուր իրականացնող այլ օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բնակչության կենցաղային և այլ սպասարկման օբյեկտների, ինչպես նաև առևտրի այլ օբյեկտների, ավտոտնակների համար` հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

2) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար` դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

3) առանձնատների համար` դրանց զբաղեցրած հողամասի պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից 10-50 մետր (կախված օբյեկտի տարողականությունից և հզորությունից),

5) արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 50 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

6) առողջապահական և կրթական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 10 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,

7) շուկաների, տոնավաճառների, առևտրի կենտրոնների համար` հատկացված և (կամ) զբաղեցված տարածքի պարագծից 50-100 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը:

Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը Կարգի համապատասխան` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ինքնուրույն կամ իր հաշվին` մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման միջոցով:

Այն դեպքում, երբ անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող են հանդիսանում մի քանի անձ, ապա դրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր բարեկարգման աշխատանքներին որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքում նրանց մասնակցության բաժնին համամասնորեն:

Այն դեպքում, երբ հատկացված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ապա պարտադիր բարեկարգման և մաքրման է ենթակա այն տարածքը, որը փաստացի տիրապետվում է անշարժ գույքի տիրապետողի կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն, ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 – 20 000 դրամի չափով։

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 – 20 000 դրամի չափով։

(Visited 41 times, 1 visits today)