Յուրի Խաչատուրովը պատրաստ է իր փաստաբանին խնդրել պաշտպանելու դատավոր Աննա Դանիբեկյանին. Ինչ է կատարվել

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ներկայումս սահմանադրական կարգի տապալման գործով (2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններ) ամբաստանյալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատրաստ է իր փաստաբանին խնդրել պաշտպանելու դատավարությունը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, եթե նա ինքնաբացարկ հայտնի եւ դատախազության կողմից պատժվի:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի համապատասխան միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելիս Յուրի Խաչատուրովը նշեց, որ պաշտպանական կողմը մեծ ռիսկի է դիմում՝ պահանջելով դատավորի բացարկը, իսկ գուցե կգտնվի ավելի՞ հնազանդ դատավոր:

«Ես Ձեզնից շատ մեծ եմ եւ ինձ թույլ կտամ խորհուրդ տալ: Երբ խորհրդակցական սենյակ մտնեք, նայեք հայելուն: Հիշեք Էրիկ Ալեքսանյանի բառերը: Կա հանցագործության փաստ: Ինքներդ ձեզ ասեք՝ հանցագործությունը ես եմ կատարել, կարո՞ղ եմ արդյոք օբյեկտիվ լինել:

Եթե տեղի ունենա գրեթե անհարինը, եւ Դուք հանկարծ որոշեք հեռանալ ու դադարել դատավոր լինել, եթե դրանից հետո դատախազությունը ձեզնից սաստիկ վիրավորվի եւ գործ հարուցի, ես անգամ պատրաստ եմ իմ փաստաբանին խնդրել Ձեզ պաշտպանի: Դուք գեղեցիկ երիտասարդ կին եք, մտածեք ձեր ապագայի մասին: Առողջ եղեք»,- հայտարարեց Յուրի Խաչատուրովը:

(Visited 92 times, 1 visits today)