Նիստը ուզում եմ սկսել շատ կարեւոր նորությամբ. Փաշինյան

Այսօրվա նիստը ուզում եմ սկսել շատ կարեւոր նորությամբ. ՀՀ կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում. Այս թողարկմամբ մենք թողարկել ենք 750 մլն դոլարի պարտատոմս եւ շատ կարեւոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր երկրի պատմության ամենանպաստավոր պայմաններով, ամենացածր տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարեւոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձեւավորվել, երկրորդ, ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաեւ վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում ՀՀ տնտեսական ապագայի եւ կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:

Նաեւ ուզում եմ արձանագրել, որ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այս թողարկումը ամենեւին էլ արտահերթ, արտակարգ, արտառոց երեւույթ չէ, որովհետեւ նախատեսված է 2021-ի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում: Կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով: Հույս ունենք, որ այս դրական ազդակը կառաջացնի շղթայական ռեակցիա:

 

Արձանագրեմ, որ տոկոսը թողարկման 3,8 տոկոս է: 2019-ի թողարկումը, որը նույնպես շատ հաջող էր գնահատվում, եւ էլի աննախադեպ ցածր տոկոսով էր, այն ժամանակ դա 4,2 տոկոսով էր»,-ասաց նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց, որ պահանջարկը եղել է շատ ավելի մեծ, շուրջ 3 մլրդ դոլարի, բայց կառավարությունը որոշել է ներգրավել միայն 750 մլն դոլարի:

(Visited 235 times, 1 visits today)