Կրասնոդարի շրջանը դուրս եկավ Արա Աբրահամյանի կառույցից. Հայտնի է պատճառը

Մեր զրուցակիցն է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը

Պարոն Սինանյան, վերջին օրերին հայտարարություններ են արվում, թե արտագաղթի մեծ հոսք է սկսվել: Ձեր գրասենյակն ուսումնասիրո՞ւմ է, թե որ շերտն է հեռանում Հայաստանից և արդյոք մենք գործ ունենք համատարած արտագաղթի հետ:

Մենք համաձայն չենք, որ համատարած արտագաղթ կա: Գիտենք, որ մարդիկ մեկնում են Ռուսաստան, բայց գիտենք նաև, որ հիմնականում արտագնա աշխատանքի նպատակով են գնում: Միաժամանակ կան մարդիկ, որոնք գալիս են Հայաստան: Բացի այդ, 2-3 օրվա ինֆորմացիայի հիման վրա լուրջ եզրակացություններ անելն անլուրջ է:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել արտագաղթն ընդհանրապես կասեցնելու համար: Ի վերջո խոսում ենք ներգաղթի մասին, 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու մասին, հիմա պետք է մոռանա՞նք այդ ծրագրերը:

Կարծում եմ՝ մոռանալ պետք չէ: Սկզբունքային քայլերը, որոնք նախանշված են, պետք է ձեռնարկվեն, որպեսզի մարդիկ ոչ միայն չուզենան լքել հայրենիքը, այլ շատերն էլ վերադառնան ու ցանկանան ապրել Հայաստանում: Դրանք են՝ արդարադատության ստեղծումը, այս պահին լրջագույն խնդիր ունենք դատական համակարգում, հին կոռումպացված, հանցագործ դատական համակարգը դեռ գործում է: Մենք պետք է բարելավենք առողջապահության համակարգը, կրթական համակարգը, պետք է զարգացնենք տնտեսությունը, և բնական է, որ այս ամենի հետ մեկտեղ այս պահին ունենք անվտանգության խնդիր:

Իհարկե, չի կարելի կարծել, թե կարող է այդ խնդիրը երեք ամսում լուծվել, բայց մենք պետք է փորձենք համալիր ձևով լուծում տալ դրան ոչ միայն ավելի ժամանակակից, ավելի ուժեղ բանակ ստեղծելով, այլ նաև դաշնակիցների հետ համագործակցելով, դիվանագիտական լուրջ աշխատանք տանելով: Այս բաները պատերազմից առաջ էլ էր պետք անել, այն տարբերությամբ, որ պատերազմից առաջ մենք մի քիչ թյուր պատկերացում ունեինք, թե իրականում մեր ռազմական ունակությունները որքան էին: Հիմա ունենք մի քիչ ավելի իրատեսական պատկեր և պետք է հաղթահարենք այս վիճակը, ստեղծենք այն ամենը, ինչի մասին ասացի:

Երեք տարի է իշխանությունը խոսում է արդարադատության համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին: Ո՞րն է այս ոլորտում ձախողման պատճառը:

Դժվարանում եմ ասել, բայց ինչ խոսք, որ շուտ պետք է արվեր ամեն ինչը:

Սփյուռքի տարբեր կառույցներ պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, մասնավորապես Ռուսաստանի հայերի միությունն է ակտիվացել և պահանջում է վարչապետի հրաժարականը: Արդյոք այս հայտարարությունները քննարկվում են, ձեզ համար հասկանալի՞ են Արա Աբրահամյանի կոչերն ու պահանջները: Դուք՝ որպես հանձնակատար, փորձո՞ւմ եք նրանց հետ երկխոսել:

Նշանակվելուց անմիջապես հետո ամեն ջանք գործադրել եմ բոլոր կազմակերպությունների հետ համագործակցելու նպատակով, ներառյալ Ռուսաստանի հայերի միության, անձամբ Արա Աբրահամյանի հետ: Իհարկե, ոչ միայն այդ կազմակերպության, այլ նաև այդ կազմակերպության հետ: Այդ մոտեցումը չի փոխվել, հիմա դժվար է իր հետ աշխատելը, որովհետև նա ոչ միայն վարչապետի հրաժարականի կոչեր է անում, նաև հավակնություններ ունի Հայաստանում վարչապետ դառնալու:

Ռուսաստանում շատ այլ գործընթացներ են գնում, օրինակ, մի քանի օր առաջ ամբողջ Կրասնոդարի շրջանը դուրս եկավ Արա Աբրահամյանի կառույցից, որովհետև չընդունեց նրա քաղաքական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Նման գործընթացներ են գնում նաև Ռուսաստանի այլ մասերում: Հետևաբար, այնպես չի, որ մարդիկ համայնքի անունից են խոսում: Ռուսաստանի հայկական համայնքը շատ մեծ է, բազմազան է, և այնտեղ շատ տարբեր կարծիքներ գոյություն ունեն տարբեր բաների մասին:

Այսինքն՝ այնպես չէ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը Ռուսաստանի հայերի ամբողջական կարծիքն է արտահայտում:

Իհարկե, միանշանակ այդպես չէ:

Սփյուռքի մյուս համայնքներից ևս տարբեր հայտարարություններ եղան, հատկապես դաշնակցական կառույցների կողմից: Այդ միտումը դադարե՞լ է:

Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվում այդ միտումներով: Ես առավոտյան ժամը 8-ից գրասենյակում եմ, իմ աշխատանքի ավարտը երեկոյան 20.30-ն է ու այդ ժամանակ դեռ իմ աշխատանքային օրը չեմ ավարտել, որովհետև ևս մի հեռակապ ունեմ ժամը 9-ին: Այսինքն՝ մենք Սփյուռքի հետ այնքան աշխատանք ենք տանում, այնքան պատրաստակամություն կա Սփյուռքում աշխատելու հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի, որ չեմ կարող խորանալ, թե այսինչ խումբը այնինչ պահանջն է ներկայացրել: Իրենց կարծիքն է, արտահայտում են: Ընդ որում՝ դա հաճախ բոլորի կարծիքը չի, մի մասնաճյուղի կարծիքն է, կամ մասնաճյուղի մի մասի կարծիքն է: Իրենց իրավունքն է, թող հայտնեն իրենց կարծիքը:

Կառավարման համակարգում Սփյուռքից կադրեր ներգրավելու ուղղությամբ բավական աշխատանք է իրականացվել: Հիմա խոսում են ռազմարդյունաբերական ոլորտում բեկում մտցնելու մասին, դրա համար նաև դրսից պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու մասին: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում և որքանո՞վ են նրանք պատրաստ գալ:

Լրջագույն քայլեր են իրագործվում, այդ թվում նաև մեր գրասենյակի կողմից: Մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց լուրջ պրոցեսներ են սկսվել, և մենք հուսով ենք, որ շատ բաներ կսկսեն կոնկրետանալ հաջորդ ամիսների ընթացքում: Այս պահին մի քանի խմբեր կան, որոնք լրջորեն աշխատում են մանավանդ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող ռազմարդյունաբերական համալիրի նոր բաղադրիչներ ստեղծելու ուղղությամբ:

(Visited 365 times, 1 visits today)