Ինչո՞ւ չկարողացանք գոնե արժանապատիվ պարտվել

Մենք շուտ ոգեւորվող եւ շուտ կոտրվող ժողովուրդ ենք։

Հիմա շատերն ուշքի չեն գալիս պատերազմի հարվածներից եւ դեռ չեն գիտակցում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք 40 օրում կորցրինք 30 տարվա մեր ձեռքբերումները, ինչո՞ւ չկարողացանք դիմակայել, ինչպե՞ս եղավ, որ նման անհասկանալի ու կասկածելի պայմաններում հանձնեցինք Շուշին, որը 20 զինված տղա կկարողանային պաշտպանել, Հադրութը, Քարվաճառը․․․ Ինչո՞ւ չկարողացանք գոնե արժանապատիվ պարտվել եւ չզիջել այն, ինչը կարելի էր պահպանել։

Ի վերջո, մարդն իր կյանքում բազում պարտություններ է կրում, բայց չի կոտրվում, չի նվաստանում, թույլ չի տալիս, որ իր արժանապատվությունը ոտնահարեն ու իրեն մինչեւ վերջ ստորացնեն։

Բակում պատանիների կռիվ չե՞ք տեսել՝ երբ ակնհայտ անհավասար ուժեր են, բայց փոքրամարմին պատանին չի հանձնվում, մաքառում է մինչեւ վերջ եւ վրեժը սրտում հեռանում՝ մեծանալու ու իրեն ծեծողի հախից գալու ծրագրով։ Եթե անգամ վրեժ չունես սրտումդ, պարտությունից հետո չպետք է նսեմանաս ու թշնամուն հանձնվես մինչեւ վերջ։

 

Մեզ նման անկման եւ համազգային ստորացման վիճակին հասցրած մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա փորձում է համոզել, որ ինքը կկարողանա շտկել իրավիճակը։ Կկարողանա մեր ներքին ու արտաքին բազում խնդիրները լուծել, բարեփոխումներ անել, տնտեսությունը ոտքի հանել, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, հայ լինելու եւ Հայաստանում ապրելու հպարտությունը։

Մարդը պետք է առնվազն միամիտ լինի կամ մտածելու ունակությունից իսպառ զուրկ, որ նման հրաշքների հավատա։ Որ կարծի, թե խաղաղ 2018-19 թվերին ոչ մի հաջողություն չգրանցած վարչապետը կարող է հետպատերազմյան դաժան պայմաններում լուծումներ գտնել, իրավիճակ շտկել, հանրային համերաշխություն եւ ապահովություն բերել մեր երկրին։

Հրապարակ

 

(Visited 43 times, 1 visits today)