«Էլիտար-վտանգավոր» այց խորհրդարան.

2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն կողմ չքվեարկելու պատճառով ՀՅԴ-ից հեռացված նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ ժամանել էր ԱԺ։ Նրա մուտքն իրարանցում եւ զարմանք առաջացրեց լրագրողների մոտ։ Հետաքրքրվեցինք, թե ինչու է եկել խորհրդարան, չէ՞ որ «էլիտան» պետք է փողոցում լինի։ Վարդանյանն իրեն հատուկ պոետիկ ոճով ասաց, որ «ճանաչողական այցով» է եկել։

«Վաղուց չէի եղել ԱԺ-ում, վերջին անգամ եղել էի 2018-ի մայիսի 1-ին։ Ուզում էի տեսնել, ծանոթանալ, այս գումարման պատգամավորների երեւի 95 տոկոսին չեմ ճանաչում, եկել եմ ծանոթանամ, շփվեմ։ Իհարկե, մի քանի հոգու «Լուսավոր Հայաստանից» ճանաչում եմ, ԲՀԿ-ի զգալի մասին ճանաչում եմ, հիմնականում «Իմ քայլի» պատգամավորների մասին է խոսքը․․․ Ի՞նչ կարող եմ ասել, մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը հայկականության, մեր հոգեւոր, մշակութային որեւէ արժեքի հետ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են։

Մի 3-4 հոգի կան, որ մտքի, հումորի գիգանտներ են, բայց մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են, մի մասի ծնողներին եմ ճանաչում, մի քանիսի մայրերին եմ ճանաչում, մի քանիսի հայրիկներին եմ ճանաչում, նույնիսկ, կարծեմ, մեկը կա, որի ե՛ւ հայրիկին եմ ճանաչել, ե՛ւ մայրիկին։ Իմ գործը հիմնականում այս շերտի հետ է։ Նրանցից ոմանց հետ շփվում եմ նաեւ, ինձ հետաքրքիր է այս տեսակի հոգեկան եւ հոգեբանական վիճակը, մտորումները, տեսակետները, կարծիքները, թե ինչպես են կարողանում այս իրավիճակում ծառայել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- ասաց Վարդանյանը։

Նա նաեւ ուզում էր տեսնել, թե ռազմական դրության պայմաններում արդյոք բոլո՞ր պատգամավորներն են զրահաբաճկոններով եւ սաղավարտներով։

Վարդանյանը մինչ ճեպազրույցը հասցրել էր հյուրընկալվել ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանի աշխատասենյակում, ապա հանդիպել էր «Լուսավորից» Էդմոն Մարուքյանին, եղել էր Թագուհի Թովմասյանի աշխատասենյակում։

Լրագրողների հետ զրույցում խոսեց արտահերթ ընտրությունների չգնալուց, Ռոբերտ Քոչարյանից՝ նշելով, որ եթե սահմանադրական ճանապարհը փակվել է, ապա կլինի հանրային ճնշում, կլինեն ցնցումներ, եւ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ բունկերում ասած խոսքը՝ «եկել է ժողովրդի վրեժի ժամանակը», եւ դա, ըստ նրա, ավելի շուտ է իրականանալու, եւ այս իշխանությունը հեռանալու է, ընդ որում՝ սիրով է հեռանալու։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանն ու այն արտահայտությանը, որ «պայքարելու եւ կրելու է», Վարդանյանն ասաց․ «Պարոն Քոչարյանը, իր խոսքերն եմ մեջբերում, կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել։ Վստահ եղեք, որ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է»։

Լրագրողների հետ շփվելուց հետո ընդդիմադիր գործիչը շրջեց ԱԺ միջանցքներում ու մի քիչ էլ իշխանությունների հետ շփվեց, անգամ հյուրընկալվեց նրանց աշխատասենյակներում։ Ի դեպ, մեզ ասացին, թե «վերեւներում» անհանգստացել են, որ շուտով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն է լինելու, կարո՞ղ է Աղվան Վարդանյանը եկել է ինչ-որ մութ ծրագրով, եւ մարդ էին ուղարկել ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանի աշխատասենյակ (ում կողմից իջեցված անցագրով նա մտել էր ԱԺ), որպեսզի տեղեկանան, թե երբ է իր հյուրը հեռանալու։

Այս իշխանությունները, փաստորեն, ԱԺ-ում միայնակ շրջող անզեն ընդդիմադիրից էլ են վտանգ զգում։
Իսկ Աղվան Վարդանյանը կարծես խնդիր չուներ իմքայլականների հետ շփվելու, նա «ողջույն իշխանությանը» արտահայտությամբ բարեւեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, հասնելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Աննա Գրիգորյանի աշխատասենյակին` նայեց ցուցատախտակին, տեսավ` ում սենյակն է, որոշեց ներս մտնել:

Ներսում Աննա Գրիգորյանից բացի, նաեւ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն էր: Վարդանյանին առաջարկեցին նստել, սրճել իրենց հետ: Սակայն մենք խնդրեցինք, որ դուրս գա եւ մեր հարցերին պատասխանի: Հարցին` հնարավո՞ր է Արարատ Միրզոյանին էլ հյուրընկալվի, նրա հետ եւս սուրճ խմի, Վարդանյանը չբացառեց` հիշելով իրենց համատեղ պատգամավոր աշխատած ոչ հեռավոր անցյալը, ճամփորդությունները եւ այլն:

Հետո «անկոչ հյուրն» իջավ բուֆետ` արդեն իր հաշվին սրճելու: Այդ ընթացքում նրան հարցրինք՝ ի՞նչ կանի, եթե միջանցքում հանդիպի «վերջացած սրիկաների», ինչին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, թե կժպտա ու կանցնի։ Բուֆետում նրան բավականին ջերմ ու կարոտած դիմավորեցին, անգամ գրկախառնություններ եղան, ԱԺ հին աշխատակիցներից ոմանք նույնիսկ խոստովանեցին, թե «մի կերպ են դիմանում սրանց (գործող իշխանությունների) միջավայրում, սպասում են՝ երբ են գնալու, որ իրենք՝ հները գան»։
Խնդրեցինք Աղվան Վարդանյանին «ամփոփել» իր էլիտար պատմական այցը խորհրդարան, թե ինչպես անցավ այն, ում տեսավ, ինչ խոսեց։ «Նայում էի դռներին, անուններին, ում անունը քիչ թե շատ ծանոթ էր թվում, թակում էի, բարեւում էի։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի մոտ եղա, շատ համակրելի աղջիկ էր Աննան, պարոն Սիմոնյանի մոտ եղա, պարոն Մարուքյանի ֆրակցիայում եղա»,- ասաց նա։

— Ինչպե՞ս ընդունեց Ալեն Սիմոնյանը, ասացի՞ք իրեն, որ պատրաստվում եք իրենց հեռացնել իշխանությունից։

— Դա քաղաքավարական այց էր, վստահ եմ՝ իրենք տեղյակ են իմ նպատակներից։

— Եթե իրենք հեռանան իշխանությունից, եւ դուք գաք իշխանության, կընդունե՞ք իմքայլականներին Ձեր սենյակում այդպես քաղաքավարի։

— Ես անխտիր բոլորին պատրաստ եմ քաղաքավարության սահմաններում ընդունել՝ իմ ասած «վերջացած սրիկաներին» բացառյալ։

— Նիկոլ Փաշինյանին է՞լ եք պատրաստ ընդունել։

— Չէ։

(Visited 50 times, 1 visits today)