Մոսկվա-Բաքու-Անկարա հանցավոր եռյակը բացեց Հայաստանի ճանապարհը

Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակում Հայաստանի վերաձեւման վերաբերյալ որոշումները եւ դրանց իրագործումն ունեն հակառակ կողմը. Հայաստանն այդպիսով ազատվում է բազմաթիվ պարտավորություններից ու ձեւականություններից՝ սկսած պրոռուսական բլոկներից, վերջացրած «միջազգային նորմերով»: Այդ եռյակում ընդունված որոշումները եւ գործողությունները լիովին հակասում են թե բլոկային պարտավորություններին, թե միջազգային բոլոր հնարավոր ու անհնար նորմերին: Մոսկվան, Բաքուն ու Անկարան Հայաստանի հարցում հայտնվել են դրանցից դուրս:

Խնդիրը երկու կողմ ունի՝ միջազգային հնարավոր արձագանքն ու Հայաստանի հետագա պահվածքը: Թեեւ, առաջինը մեծապես կախված է Հայաստանի որոշումներից ու քայլերից: Այստեղ էլ հենց գլխավոր խնդիրն է՝ Հայաստանում կա՞ն քաղաքական, հանրային համարժեք խմբեր, որոնք ընդունակ են ձեւակերպել նոր իրավիճակին համարժեք առաջարկներ, քաղաքականություն:

Հայաստանի այսպես կոչված ակտուալ հանրային-քաղաքական դաշտում վխտում են հիմնականում միաբջիջ, բարդույթավորված ու պրիմիտիվ-կենցաղային «գաղափարաբանությամբ» խմբեր, եւ նոյեմբեր 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո այս երեք ամիսների ընթացքում լիովին դրսեւորեցին այդ հատկանիշները, միաժամանակ կատարելով այդ թուղթը կապիտուլյացիայի վերածելու առաջադրանքը: Խորհրդարանում, այս խմբերի քննարկումներում չկա որեւէ համարժեք օրակարգ, որը կվկայեր հայկական իրավունքների, պատասխանատվության եւ դրանց իրացման տարրական գիտակցությունը: Ավելին, չկա նույնիսկ դրա ցանկությունը, փոխարենը կա «կյանքը բնականոն հուն վերադարձնելու» խիստ կենցաղային ձգտումը՝ օտար խնամակալության վրա մակաբուծելու վաղեմի հույսով:

Նման իրավիճակում Հայաստանին հնարավոր է պարտադրել ցանկացած որոշում, ցանկացած գործողություն, այն պայմաններում, երբ, որքան էլ տարօրինակ թվա, նույն եռակողմ հայտարարությունն արագորեն կարելի էր շրջել դրա հեղինակների դեմ, հասնելով նվազագույնը մի շարք խնդիրների լուծման: Ավելին, նրանց գործողությունները բացել են Հայաստանի ճանապարհը նաեւ այնպիսի քայլերի համար, որոնք նախորդ շրջանում կարող էին թվալ կամ լինել անհնար:

Քաղաքականության մեջ չկան միանշանակ իրավիճակներ, բայց այդ հանգամանքը գիտակցելու եւ իրացնելու համար միաբջիջ, իրենց վախերից ու բարդույթներից այնկողմ աշխարհը չտեսնող հանրային-քաղաքական խմբերը պետք է մաքրվեն դաշտից: Հայաստանում կան խնդիրները գիտակցող, կարող ու համարձակ շրջանակներ, ժամանակն է, որ նրանք ասպարեզ գան արդեն միավորումների ձեւով: Հենց մեծ փոփոխությունների շրջանում է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք «կայուն» աշխարհակարգերում սառեցված են:

Աղբյուր՝ lragir.am

(Visited 81 times, 1 visits today)