Որ Ավինյանը չհերքեց, հստակ չի հերքվել այս ինֆորմացիան. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հարցին, որ իշխանությունները չեն հաստատում, թե տարածքների վերաբերյալ այլ փաստաթուղթ կա ստորագրված, որը հրապարակվել է համացանցում։

«Երբ որ դուք այդ փաստաթուղթը նայեք, կտեսնեք, որ այնտեղ բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են։ Հետևաբար, մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է՝ միգուցե չստորագրված, կամ իրականում ստորագրված տեքստ է։

Արդեն երեք օր է՝ այդ նյութը տարածվում է սոցիալական ցանցերում, կայքերում, բա՞րդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա։ Մինչև այս պահը չի հերքվել»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ անգամ պետք է քննություն անցկացվի, թե որտեղից է այդ տեքստը տարածվել հայկական մեդիա դաշտում, որովհետև ազգային անվտանգության խնդիր էլ կա այստեղ։

«Փաստ է, որ Ավինյանը չհերքեց, հստակ չի հերքվել այս ինֆորմացիան։ Մի շարք պատգամավորներ հարցում են ուղարկել կառավարություն, սպասենք տեսնենք գրավոր ընթացակարգով կստանանք մի բան, թե ոչ»,- ասաց նա։

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հավելեց․ «Այս բառապաշարով այս թուղթն ստորագրած մարդն ընդունել է, որ շատ տարածքներ մտնում են, այսպես կոչված, Զանգելանի, որը հայկական Կովսականն է և, այսպես կոչված, Կուբաթլուի, որը հայկական Սանասարն է, տարածքների կազմի մեջ։

Կան տարածքներ, որոնք կենսական նշանակության դիքեր են, Ներքին Խնձորեսկի տարածքն են և Սանասարի կազմ չեն մտնում։ Հիմա ո՞վ է որոշել, որ այդ տարածքը Սանասարի հատվածում է կամ Կովսականի։

Հիմա եթե մեկ անձ որոշել է, որ դա մեր կենսական նշանակության տարածքը չէ, ապա գոնե պիտի բացատրություն տա՝ ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում՝ Խորհրդային Հայաստանի վարչատարածքային բաժանմա՞մբ, թե՞ ինչ-որ այլ տրամաբանությամբ, որը միայն իրենց է հասու»։

(Visited 32 times, 1 visits today)